ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի նամակը բժշկական մասնագիտական ասոցիացիաների ղեկավարներին:
ԲԺՇԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ
Հարգելի գործընկերներ,
Հուսամ լավ եք և արտակարգ ռեժիմի ավարտը արդեն ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում աշխատելու համար։ Սրան զուգահեռ, բոլորիս գործերն էլ, հոգսերն էլ, գնալով ավելի են շատանում և ծանրանում ինչը բնական է։ Նման վիճակներում է, որ պետք է առավել ջանք գործադրել մեխանիզմներ ձևավորելու, որոնք կօգնեն հաղթահարել հիմնական դժվարությունները, և արդեն ժամանակն է ավարտին հասցնելու դեռևս մեկ տարի առաջ սկսված գործընթացը՝ Հայկական բժշկական ասոցիացիան (ՀԲԱ) ձևավորել մասնագիտական ասոցիացիաների ասոցիացիա: Նորացված ՀԲԱ-ն, որպես մասնագիտական ասոցիացիաների ասոցիացիա կլինի ինքնակառավարվող, ինքնակատարելագործվող և կապահովի կայունություն և շարունակական զարգացում առողջապահության ոլորտում, և իր կառուցվածքի և հենց սկզբից ճիշտ սկզբունքների վրա ձևավորվելով՝ զերծ կլինի բոլոր այն թերություններից, որոնք բնորոշ են և՛ պետական կառույցներին, և՛ գործող շատ հասարակական կազմակերպություններին։
Քանի որ նախորդ հանդիպումներում և նամակներում բավարար քննարկել և սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել, այժմ ներկայացնում եմ սկսած գործընթացը ավարտական հանգրվանին հասցնելու հետևյալ ճանապարհային քարտեզը․
- Մինչև 2020թ. նոյեմբերի 1-ը յուրաքանչյուր կազմակերպության բարձրագույն գործադիր կառույցը որոշում է կայացնում անդամակցել ՀԲԱ-ին և որոշումը, անդամակցության դիմումի հետ ներկայացնում/ուղարկում է ՀԲԱ։
- ՀԲԱ Գործադիր վարչությունը ընդունում է բոլոր դիմումները և 2020թ. նոյեմբերի 1-ին ունենում ենք արդեն նոր որակի ՀԲԱ, որի նախկին կանոնադրությամբ աշխատելը արդեն չի կարող արդյունավետ լինել։ Արդյունքում մեկամսյա ժամկետում նախապատրաստվում է Համագումար, որին մասնակցում են բոլոր անդամ կազմակերպությունները և փոփոխվում է կանոնադրությունը և ՀԲԱ ղեկավար կառույցներ են դառնում Նախագահը և ընտրված նախագահը, ով երկու տարի հետո ավտոմատ դառնում է նախագահ և ընտրվում է նոր ընտրված նախագահ (այսինքն՝ բացառվում է որևէ մեկի կողմից կազմակերպության երկարաժամկետ ղեկավարումը), Խորհուրդը, որը լինում է ներկայացուցչական մարմինը (ներկայացված են լինում բոլոր անդամ կազմակերպությունները) և զբաղվում է ՀԲԱ կառավարման խնդիրներով, և Գործադիր վարչությունը (համատեղ կորոշենք ընտրովի կլինի թե նշանակովի)՝ որը նախագահի հետ զբաղվում է ղեկավարման հարցերով։ Դետալները կքննարկվեն արդեն համատեղ, կարևորը այժմվանից սկզբունքների շուրջ համաձայնության գալն ու ֆիքսելն է։
- Համագումարի օրը միասին կորոշենք, բայց այժմվանից կարող ենք ֆիքսել, որ այն պետք է լինի 2020թ․ ընթացում, ամենայն հավանականությամբ՝ դեկտեմբեր ամսին։
Ժամանակացույցը լինում է հետևյալը․
- Մինչև 01.11.2020 - բոլոր մասնագիտական ասոցիացիաների որոշումներն ընդունված են լինում և դիմումներն ուղարկված:
- Մինչև 01.12.2020 – որոշված է լինում համագումարի օրը, մասնակցության նորմերը և համաձայնեցված փոփոխված կանոնադրության նախագծի նախնական տարբերակը՝ հիմք ընդունելով վերը ներկայացված պարտադիր սկզբունքները։
- Մինչև 29.12.2020 կազմակերպվում է համագումարը և ձևավորվում է արդեն նոր կանոնադրությամբ և նոր կառվարման մեխանիզմով Հայկական բժշկական ասոցիացիա։
Հիմա բոլորիս հնարավորություն է ընձեռվում առանց որևէ լարվածության կամ անհանգստության, առանց սուվերենության որևէ կորստի՝ ավելի ուժեղանալու, ավելի ուժեղացնելու առողջապահական համակարգը և արդյունքում նաև մեր երկիրը։
Բոլոր տեսակի հարցերով կարող եք գրել կամ զանգահարել։
Պատրաստ եմ մասնակցել բոլոր կազմակերպությունների որոշում ընդունող մարմինների նիստերին և պատասխանել ցանկացած հարցի։
Հարգանքով, ՀԲԱ Նախագահ Ա․Սողոյան
Մասնագիտական ասոցիացիաների համախմբման նախաձեռնության վերաբերյալ կարող եք ծանոթանալ այստեղ:
2004-2022 © Հայկական բժշկական ասոցիացիա