Omnium profecto artium medicina nobilissima
Œuvres d'Hippocrate
Մասնագիտական ասոցիացիաների համախմբման գործընթաց
30-03-2020
ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի նամակը բժշկական մասնագիտական ասոցիացիաների ղեկավարներին:

ԲԺՇԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ

Հարգելի գործընկերներ,

Հուսամ առողջ եք և այս դժվար օրերին եռանդն ու լավատեսությունը չեն լքում ձեզ և ձեր մերձավորներին։

Հետաքրքիր, փոփոխական և լարված ժամանակներում ենք ապրում և աշխատում։ Նման վիճակում ավելի լավ են երևում արված և չարված գործերը, մարդկային հարաբերություններն ու դավանած արժեքները։

Այսօր բոլորը դրական են արտահայտվում բժիշկների և առողջապահության վերաբերերյալ, մեծարում են և կարևորում։ Նախկինում այդքան էլ դրական չէր, երբեմն նաև խնդրահարույց էր, վաղը չգիտենք ինչ կլինի։ Մեր գործընկերներից շատերը բազմաթիվ գրառումներ են արել և կոչեր են հնչեցրել փոփոխական վերաբերմունքի և այլնի վերաբերյալ, հետրևաբար կարիք չկա այդ մասին ավելի մանրամասն ներկայացնել։

Մեր հուշագրի շրջանակներում նախատեսվում է կոնսոլիդացիոն գործընթաց սկսել մասնագիտական ասոցիացիաների միջև, և կարծում եմ հիմա օրվա հրամայական է մեկ ընդհանուր մասնագիտական սոցիացիաների ասոցիացիայի ձևավորումը։

Ինչո՞ւ մասնագիտական ասոցիացիաների ասոցիացիա, և ոչ թե անհատ բժիշկների կազմակերպություն, որովհետև, եթե լինի ոչ թե ասոցիացիաների միավորում, այլ բոլոր անհատ բժիշկներին միավորող կառույց, ապա դա կթուլացնի մասնագիտական ասոցիացիաներին և շահերի բախում կառաջացնի մասնագիտական ասոցիացիաների հետ, քանի որ մեկ մարդը ստիպված կլինի երկու մասնագիտական կազմակերպության անդամ լինել, երկու տեղ անդամավճար մուծել և այլն, ինչպես նաև չկա պարզապես բժիշկ, այլ բոլորն էլ ունեն նեղ մասնագիտություն և տվյալ մասնագիտական ասոցիացիայի անդամ են։

Որպես միավորող կառույց ամենից հարմարը Հայկական բժշկական ասոցիացիան (ՀԲԱ) է, քանի որ

  • միակն է Հայաստանում, որ անդամակցում է Համաշխարհային Բժշկական ասոցիացիային
  • երկար տարիներ գործում է ոլորտում, ունի միավորման հաջող փորձ (ստեղծվել է 2002-ին և կարճ ժամանակ հետո միավորել է Հայ բժիշկների միությանը)
  • չունի նեղ մասնագիտական ուղղվածություն, չի կապված որևէ քաղաքական ուժի կամ անհատի հետ
  • ղեկավար կազմն էլ քաջ ծանոթ է բոլորիդ։

Բացի դա, միավորման պարագայում նաև օբյեկտիվ մեխանիզմներ կներդրվեն, որպեսզի նորացված ՀԲԱ-ն զերծ լինի սուբյեկտիվությունից, ավտորիտարիզմից ու բազմաթիվ այլ անցանկալի երևույթներից․ դրա երաշխիքն են լինելու ՀԲԱ ներկա ղեկավար կազմը՝ իմ նախագահությամբ, ձեր բոլորի պատվախնդրությունը և ստորև ներկայացվող պարտադիր պայմանները․

  1. նախագահի երկու տարին մեկ փոփոխվելը՝ Ընտրված նախագահի ինստիտուտի ներդրմամբ, այս դեպքում, ինչպեսև շատ ասոցիացիացիաներում, երկու տարի հետո Ընտրված նախագահը մեխանիկորեն նախագահ է դառնում և ոչ թե նոր նախագահ, այլ նոր Ընտված նախագահ է ընտրվում։ Այսինքն, կանոնադրության ուժով, նորացված ՀԲԱ բոլոր նախագահները կպաշտոնավարեն երկու տարի ժամկետով։ Սա կբացառի որևէ սուբյեկտիվ ազդեցություն, որևէ մեկի իշխանության տարածում մնացածների վրա և որևէ մեկի անձնական ամբիցիայի բավարարման հետ կապված հարցերը։ Սա չի լինում, որ ինչ որ մեկն ասում է «եկեք միավորվենք իմ ղեկավարության տակ», ինչը գործնականում անհնար է, այլ միավորվում ենք՝ ձևավորելով այնպիսի համակարգ, որտեղ ղեկավարը ընդամենը բոլորի կողմից ընդունված ծրագրի կատարողն է լինում՝ պարտադիր ֆիքսված երկու տարի ժամկետով: Առաջին իսկ համագումարում հաստատում ենք ՀԲԱ նոր կանոնադրություն և ընտրում ենք նոր Ընտրված նախագահ, ով երկու տարի հետո դառնում է միավորված ՀԲԱ նախագահ՝ երկու տարի ժամկետով, որի ավարտից հետո համագումարը նոր Ընտրված նախագահ է ընտրում։
  2. Անդամ ասոցիացիաների արդեն իսկ առկա հնարավորությունների և ազատությունների երաշխավորումը․ բոլոր տեսակի նեղ մասնագիտական հարցերը՝ կլինի ուղեցույցի պատրաստում, կրթական կամ գիտական ծրագիր, պարբերական մասնագիտական գիտաժողովների իրականացում, հրատարակչական գործունեություն և այլն, կարող է իրականացնել միայն տվյալ մասնագիտական ասոցիացիան, քանի որ միայն ինքն է կոմպետենտ տվյալ ոլորտում՝ տվյալ գործունեության համար։ Սրա հետ միասին, նաև մինչ այժմ ունեցած ֆինանսական ինքնուրույնությունը։ Այսինքն, ՀԲԱ-ն դառնում է իրավաբանական անձանց՝ մասնագիտական ասոցիացիաների ասոցիացիա/միավորում։ Ցանկացած ասոցիացիա միանալով՝ շարունակում է մնալ առանձին իրավաբանական անձ, մասնագիտական ասոցիացիա, ինչպիսին որ կա այժմ, սրան զուգահեռ դառնում է ՀԲԱ անդամ-«բաժնետեր բոլորի հետ հավասար իրավունքով», շարունակում է իրականացնել իր նախկին գործունեությունը և, ընդամենը միավորվելով ՀԲԱ շրջանակներում, ստանում է նոր հնարավորություններ՝ ամրապնդելով իր դիրքերը իր մասնագիտական ոլորտում, դառնալով իր իսկ ստեղծած շատ ուժեղ կազմակերպությունում իր մասնագիտական ոլորտի պատասխանատուն, և չկորցնելով ոչինչ՝ միայն ավելի է ուժեղանում և նոր հնարավորություն է ձեռք բերում։
  3. Եվ այս բոլորը ամրագրվում է կանոնադրությամբ, որը միավորված աասոցիացիաները միասին կձևավորեն, պահպանելով վերը նշված սկզբունքները։

Առաջին քայլը պետք է լինի առաջիկա համագումարի օրը ֆիքսելը և կանոնադրական փոփոխություններն ու այլ կազմակերպական հարցերը նախապատրաստող աշխատանքային խումբ ձևավորելը։

Ուստի առաջարկում եմ, որ յուրաքանչյուր ասոցիացիա քննարկի իր ղեկավար կազմում նորացվող Հայկական բժշկական ասոցիացիային անդամակցելու հարցը՝ վերը նշված սկզբունքներն հիմք ընդունելով, և մինչև ապրիլի 15-ը տեղեկացնի այդ մասին։

Ցանկացած խնդրահարույց հարց կարող ենք համատեղ քննարկել և լուծել միասին

Առավել մանրամասն հիմնավորումը, ներկայացվում է առանձին։

Մասնագիտական ասոցիացիաների ասոցիացիա ձևավորելու հիմնավորում

Ընդհանուր առողջապահության ոլորտի կառավարման, կանոնակարգման, արդյունավետության բարձրացման գործում խիստ կարևորվում է մասնագիտական ասոցիացիաների ծանրակշիռ ներգրավվածությունը և գործընթացների վրա որոշիչ ազդեցությունը, ինչը հնարավոր չէ առանձին ասոցիացիաների ջանքերի միջոցով, սակայն հնարավոր է մասնագիտական ասոցիացիաների կոնսոլիդացիայի նոր մակարդակի ձևավորմամբ։

Նոր մակարդակի կոնսոլիդացիան, պահպանելով յուրաքանչյուր ասոցիացիայի ունեցած հնարավորությունները, կապահովի առավել արդյունավետ գործունեություն, հատկապես պետության հետ հարաբերություններում, ինչը հնարավոր չէ յուրաքանչյուր ասոցիացիայի համար առանձին վերցրած դեպքում։ Առավել պարզ լինելու համար ներկայացվում է հետևյալը․

Ամենից առաջ կարևոր է, որ բոլորս նույն տեղեկատվական դաշտում լինենք և ճիշտ գնահատենք ներկա իրավիճակը ասոցիացիաների դերի և հնարավորությունների տեսանկյունից։

Մասնագիտական ասոցիացիաները միակ կայուն կառույցներն են առողջապահության ոլորտում, որոնք անգամ նախագահի կամ ցանկացած կադրային փոփոխությունից հետո, միևնույն է մնում են էլի նույն մասնագիտական հանրույթը միավորող կազմակերպություն և մեծ փոփոխությունների չեն ենթարկվում։ Սրան գումարած նաև, որ այսօր արդեն իսկ շատ ասոցիացիաներում ներդրված է սուբյեկտիվությունից զերծ պահող ղեկավարման ամենից արդյունավետ մեխանիզմը, երբ ընտրված նախագահը երկու տարի հետո դառնում է նախագահ և նոր ընտրված նախագահ է ընտրվում։ Այսինքն կարևորվում է ոչ թե մեկ մարդը՝ նախագահը, այլ մասնագիտական հանրույթը և նրա կողմից ընդունված կանոնակարգումները, ինչը երաշխավորում է հանրույթի միասնականությունը և զարգացման հնարավորությունը։

Ցանկացած նախարար փոփոխվում է, ցանկացած տնօրեն և ասոցիացիայի նախագահ նույնպես, ցանկացած հիվանդանոց կամ առողջապահական հաստատություն վաղը կարող է փակվել, իսկ ասոցիացիաները, որոնք ընդգրկում են տվյալ մասնագիտության գրեթե բոլոր ներկայացուցիչներին, չեն կարող փոփոխվել, նրանք կայուն են, ինքնակառավարվող են և զերծ են կողմնակի ազդեցությունից։ Հետևաբար, ասոցիացիաները, լինելով կայուն և ինքնակառավարվող կառույցներ տվյալ ոլորտում, հագործակցված աշխատելով՝ կարող են իրենց համատեղ ազդեցությամբ լինել ոլորտում զարգացման և կայության, արդյունավետության բարձրացման, որակի և արդարության գործոնի երաշխավորը, այդ թվում նաև ճգնաժամային վիճակներում։

Առողջահության ոլորտի բազմաթիվ հարցեր իրենց լուծումը կստանան, եթե մենք ունենանք մասնագիտական ասոցիացիաները միավորող, իր ներսում սուբյեկտիվությունից զերծ և ինքնակառավարվող, և դեմոկրատական կառավարման համակարգ ունեցող բժշկական ասոցիացիա, որը պետության հետ աշխատելով բազմաթիվ ֆունկցիաներ կիրականացնի։ Այսօրվա պետական քաղաքականությունն էլ գնում է այն ուղղությամբ, որ ինչ լիազորություն հնարավոր է, պատվիրակվի ոչ պետական կառույցներին, և այդ ժամանակ ինչքան կարող լինենք մենք, այդքան էլ լիազորոթյուն կոընենանք։ Իսկ որն էլ որ չենք ստանա, կկարողանանք առնվազն պահել մեր հսկողության տակ, թույլ չտալով որևէ գործունեություն, ինչը ի վնաս կլինի մասնագետներին, իսկ առավելագույնը մեր ընդհանուր փորձն ու գիտելիքը կներդնենք այնպիսի պայմանների ստեղծմանը, որը կբավարարի և՛ բժշիկներին, և՛ պացիենտներին, և դրանից կշահի նաև մեր երկիրը։

Նման իրավիճակում, եթե մենք կարողանում ենք արդեն ինստիտուցիոնալիզացնել գոյություն ունեցող համագործակցությունը, բոլոր ասոցիացիաները համատեղ ունենում են ամենամեծ ազդեցությունը առողջապահության ոլորտում, ինչը ի զորու չէ ունենալ որևէ ասոցիացիա առանձին վերցրած, և ինչը չի կարող ունենալ որևէ անձ, անկախ իր ունեցած պաշտոնից կամ կարգավիճակից։ Եվ դա լինում է ոչ թե ժամանակավոր, ոչ թե ինչ որ մեկի անձով պայմանավորված, այլ լինում է շարունակական գործող մեխանիզմ, որը հնարավորություն է ունենում անել այն ամենը ինչ պետք է բժշկին և մասնագիտական հանրությանը։ Եվ այդ դեպքում, այն ինչը այսօր անհավանական կամ դժվարհասանելի է թվում, դառնում է հնարավոր ու հեշտ։

Այդ կապակցությամբ, հաշվի առնելով նաև հունիսի 21 ին մեր առաջին խորհրդաժողովի ժամանակ հնչած առաջարկներ ու գաղափարները, մեր համատեղ ստորագրած հուշագիրը, ինչպես նաև այլ երկրների ասոցիացիաների և Համաշխարհային բժշկական ասոցիացիայի փորձն ու ռեսուրսները ներգրավելու հնարավորությունը, առաջարկում եմ սկսել գործընթաց՝ ուղղված Հայկական բժշկական ասոցիացիան մասնագիտական ասոցիացիաների ասոցիացիա դարձնելուն։

Միավորվելու դեպքում, ով ինչ ունի շարունակում է ունենալ, միավորվելով ոչինչ չի կորցնում, ընդհակառակը՝ ստանում ենք լրացուցիչ ու բավական մեծ գործունեության դաշտ, որը իրականացնում ենք համատեղ, ինչը հնարավոր չէ առանց միավորման։ Որևէ ասոցիացիա միայնակ ի վիճակի չէ հանրապետական մակարդակի հարցերում ազդեցություն ունենալ և միայն նախագահի անձով պայմանավորված՝ կարող է որոշ հարցեր կազմակերպել, իսկ միավորված Բժշկական ասոցիացիան ներկայացնելով բոլոր մասնագիտական աասոցիացիաները կարող է անել գործնականում տվյալ պահին հնարավոր ամեն ինչ, անկախ նախագահի անձից, քանի որ նախագահը երկու տարի հետո պարտադիր փոխվող անձ է և յուրաքանչյուրը կարող է հավակնել այդ կարգավիճակին։ Սա հակացուցում չունեցող գործընթաց է, ավելին հիմա մենք իրավունք չունենք այս ճանապարհը չանցնելու, քանի որ միայն այս կերպ է հնարավոր, որ բժիշներն իրենց մասնագիտական ասոցիացիաների միջոցով, միավորվելով մեկ ընդհանուր, ամբողջ հանրապետության մասնագետներին ներկայացնող ասոցիացիաները միավորող կառույցում՝ կկարողանան իրականում կանոնակարգել իրենց մասնագիտական ոլորտը և իրենք լինեն իրենց գործունեության տերը։ Այդ ճանապարհը հստակ երևում է, միջազգային փորձն էլ է դա ցույց տվել և մեր շփումներն էլ Համշխարհային բժշկական ասոցիացիայի ու դրա շրջանակներում այլ երկրների բժշկական ասոցիացիաների հետ դա են ցույց տալիս։

Սա գործընթաց է, որը սկսվելով պետք է անցնի համատեղ ճանպարհ, որի վերջնական հանգրվանը պետք է լինի օրենքով այդ մեխանիզմի ամրագրումը՝ կլինի բժիշկների ինքնակառավարման մասին օրենք, թե որևէ այլ կանոնակարգում, բայց դա անհրաժեշտ է, և ճիշտ աշխատելու դեպքում՝ հնարավոր, ու ամեն ինչ կախված է լինելու միմիայն մեզանից յուրաքանչյուրից և յուրաքանչյուր ասոցիացիայից։ Միավորվելով մենք՝ բժիշկներս կշահենք առավելագույնը և կլինենք մեր մասնագիտական գործունեության տերը և ոչ թե կախված կլինենք որևէ պաշտոնյայի տրամադրությունից կամ որևէ որոշման մեջ ճիշտ կամ սխալ գրված բառից կամ նախադասությունից։

Բոլորդ էլ հիմնականում կայացած, հանրապետությունում և միջազգային ասպարեզում ճանաչում ունեցող կազմակերպությունների ղեկավարներ եք, և այժմ էլ ձեր առջև դրված խնդիրները այս կամ այն կերպ կարողանում եք լուծել, բայց որևէ առանձին վերցրած ասոցիացիա ի վիճակի չէ ամբողջական պատասխանատվություն ունենալ իր ոլորտի համար, իսկ միավորվելու դեպքում մենք ունենում ենք ամբողջական պատասխանատվություն առողջապահության ոլորտի համար ընդհանուր վերցրած և յուրաքանչյուր ասոցիացիա իր ոլորտի համար, ընդհանուր պատասխանատվության համատեքստում։

Մասնագիտական ասոցիացիաների համախմբման ճանապարհային քարտեզի և ժամանակացույցի հետ ծանոթացեք այստեղ:

Բեռնել կից ֆայլը pdf

2004-2022 © Հայկական բժշկական ասոցիացիա

ՀԲԱ մեդիա-կենտրոն

close
Պատասխանատու՝ Վահե Տեր-Մինասյան
էլ. փոստ՝
Հեռախոսահամար
Վեր