«Միավորենք ամեն ինչ լավ կլինի, աշխատավարձը կբարձրանա, քաղաքացիները գոհ կլինեն, սարքավորումները կավելանան». սա հո հեքիաթ չէ՞, որ կախարդական փայտիկի մեկ գործողությամբ այս ամենը տեղի ունենա։ «Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ» Արմեն Սողոյանի կարծիքն է՝ քաղաքապետարանի նախաձեռնած պոլիկլինիկաների վերամիավորման ծրագրի վերաբերյալ։
Այս կառույցը ներկայացնում է նեղ մասնագիտական 42 մասնագիտական ասոցիացիայի ու մի քանի հարյուր մասնագետների։ Սողոյանն էլ 6 տարի ղեկավարել է Երևանի բուժվարչությունը։
«Որևէ հիմնավորում, որ այդ միավորման արդյունքում քաղաքացիների բավարարվածությունը կմեծանա, որակը կբարձրանա, հնարավորությունները կմեծանան, չկա, ընդամենը կա տեսական մոտեցում, որ եթե խոշորացնում ենք, որոշակի ադմինիստրատիվ ծախսերը նվազում են, իսկ դա բավարար չէ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սողոյանը:
Երևանի քաղաքապետարանն արդեն ավարտին է հասցրել մայրաքաղաքի պոլիկլինիկաների վերամիավորումը, ըստ որի՝ մայրաքաղաքում գործող 24 պոլիկլինիկաներից 6-ն ու 1 էնդոկրին դիսպանսեր կենտրոն կվերամիավորվեն՝ ընդհանուր թիվը կդառնա 18։
Նախագծի հեղինակ, փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը չի ընդունում Հայկական բժշկական ասոցիացիայի քննադատությունը, ասում է՝ մասնագիտական համայնքի, այդ թվում` առողջապահության նախկին ու ներկա նախարարների հետ քննարկել են հարցը: Ավագանու կազմում էլ, ասաց, բժիշկներ կան։
«Չեմ ուզում պատասխանատվությունը բաշխել այլ մարդկանց միջև, նախագծի հեղինակը ես եմ եղել, իմ միտքն է եղել, իմ գաղափարն է եղել, հիմնավորումները ես եմ ներկայացրել, պատասխանատվությունն էլ ես եմ կրում, բայց երբ ինչ-որ մեկը մեզ մեղադրում է, որ չի քննարկվել և այլն, ես դրան հակափաստարկ նշում եմ, որ շատ հարգարժան, շատ հեղինակավոր մարդկանց հետ է քննարկվել: Մեր իրավասությունների մեջ է մտնում այդ գործողությունները, մենք որևէ պարտավորություն չունենք որևէ մեկի հետ քննարկել: Մեր գործիքակազմն այդ հնարավորությունը թույլ է տալիս, քննարկումն էլ եղել ավագանու նիստի ժամանակ` ուղիղ եթերի ժամանակ», - շեշտեց նա:
Այսպիսով, Սարի թաղի պոլիկլինիկան կմիանա թիվ 17-ին՝ դառնալով վերջինիս մասնաճյուղը, Նուբարաշենինը՝ Նոր Արեշի մասնաճյուղը կդառնա, Նորագավիթի պոլիկլինիկան այսուհետ կգործի որպես թիվ 13-ի մասնաճյուղ։ Այս բոլոր պոլիկլինիկաները կմնան իրենց շենքերում, պարզապես իրավաբանական փոփոխություններ կարվեն։ Սրանք քաղաքապետարանի վերջին վերանայումներն են:
Մոսկովյանի թիվ 4 պոլիկլինիկայի շենքը կհիմնանորոգվի, առաջին փուլով այստեղ կտեղափոխվի ԵՊԲՀ-ի ենթակայությամբ գործող «Մանուկ» պոլիկլինիկան, հետո՝ Լեոյի փողոցի թիվ 1-ը։ Երևանի ամենաառաջին պոլիկլինիկայի՝ Լեոյի թիվ 1-ի շենքը կազատվի։ Այս երեք պոլիկլինիկաների համար նոր շենք կառուցելու գաղափարն է հիմա քննարկվում, որը կգործի թիվ 4-ի հենքի վրա։
Երևանի առաջին պոլիկլինկայի բակում «Ազատության» հետ զրույցում տեղում սպասարկվող քաղաքացիներն ասում էին. «Մոտիկ է մեզ, մենք օգտվում ենք, գոհ ենք: Եթե շատ հեռու լինի {շենքը}, չեմ գնա»:
«Կգնանք, որովհետև լավ բժիշկներ կան այստեղ»:
Տարիներ առաջ Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը ղեկավարել է Հայկական բժշկական ասոցիացայի նախագահ Արմեն Սողոյանը։ Հենց իր օրոք առողջապահական 36 կազմակերպություն միավորվել ու դարձել է 9։ Ասաց՝ դա իրեն չի գոհացրել, դեմ է արտահայտվել, բայց...։ Մտավախություն ունի, որ հիմա էլ նույնը կկրկնվի, առաջարկում է՝ իրենց մասնագիտական փորձն ու խոսքը լսել։ Սողոյանն ասաց՝ Առողջապահության նախարարությունն ընդունել է առաջնային օղակի բարելավման ծրագիր, կարծում է` դա ավելի արդյունավետ կլինի, որովհետև պատշաճ ուսումնասիրություն կա։ Այս մեկը, ըստ Սողոյանի, հիմնված է միայն տեղեկանք հիմնավորման վրա, որտեղ միայն նշված է՝ ամեն ինչ վատ է։
Փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը հակադարձում է` կարիք չկար ժամանակ ծախսել ու երկար-բարակ ծրագիր գրել, խնդիրը հստակ է՝ հաշվարկված, լուծումները՝ պարզ, փոփոխություններն էլ արդեն ավարտված են։
Փափազյան փողոցի Արաբկիրի մանկական պոլիկլինիկան կտեղափոխվի Քոչարի փողոցում գործող թիվ 11 պոլիկլինիկա։ Փոխքաղաքապետն ասում է՝ խառը տիպի պոլիկլինիկաների հաջողված փորձեր կան Երևանում, այս ուղղությամբ անհանգստություններն անհիմն է համարում։
Մանկական այս պոլիկլինիկայի ծառայություններից օգտվող քաղաքացիները, սակայն, չեն ընդունում նաև այն հիմնավորումները, որ շենքը կանգառներից հեռու է, տրանսպորտ չի հասնում, ու ավելի ճիշտ կլինի այն մարդկանց մատչելի տեղ տեղափոխել. «Ես ոչ մի անհարմարություն չեմ տեսնում, շենքն էլ է իդեալական, ամեն ինչն էլ է իդեալական , դե եթե հարմար չլինի, չեմ կարա գնամ, ինձ շատ մոտ է, իմ երեք երեխաներն էլ այստեղ են գրանցված»:
Փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը պնդում է՝ վերամիավորումների շնորհիվ կբարձրանա բժիշկների աշխատավարձը՝ կես դրույքի փոխարեն մեկ դրույք կաշխատեն, ըստ այդմ նաև հերթերը կնվազեն, տեխնիկական վերազինում կլինի:
Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահը թերահավատ է, այդ ամենը վերլուծությամբ՝ թղթերի վրա չի տեսել, ասում է՝ խոսքեր են, որոնք լուրջ հիմնավորում չունեն։ Միավորմանն, ասաց, դեմ չեն։ «Ազատությանը» հանդիպած քաղաքացիներն էլ ասացին՝ աչքի տեսածին են հավատում, չեն հիշում մինչև այսօր հնչած որևէ բարի խոստում, որ իրականություն է դարձլ։ Առայժմ միայն խոսակցություններ են լսում, որ ազատված երկու պոլիկլինիկաների շենքերի փոխարեն հյուրանոցներ են վեր խոյանալու։
2004-2022 © Հայկական բժշկական ասոցիացիա