Հայկական բժշկական ասոցիացիան, շարունակելով առողջապահական համակարգում բարեշրջումներին նվիրված միջոցառումների շարքը, 2008թ. սեպտեմբերի 17-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի «Թագուհի Էրատո» սրահում կազմակերպել էր կլոր սեղան քննարկում «Բժշկական ապահովագրության հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով` նվիրված մեր երկրում ապահովագրական բժշկության ներդրման և զարգացման գործընթացներին, ինչպես նաև գոյություն ունեցող հիմնախնդիրներին և վերջիններիս լուծման հնարավոր ուղիներին:
Միջոցառման մասնակիցների կազմը բավականին ներկայացուցչական էր: Մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարարության, բժշկական կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Որպես հիմնական զեկուցող հանդես եկավ «Դիագնոստիկա» բժշկական միավորման գլխավոր տնօրեն և խորհրդի նախագահ Սարո Ծատուրյանը, որը միջոցառման բոլոր մասնակիցներին հանգամանորեն ներկայացրեց բժշկական ապահովագրության բուն էությունը և վերջինիս առաջ ծառացած խնդիրները: Զեկուցողն անդրադարձավ ինչպես միջազգային փորձին այնպես էլ մեր երկրում շուրջ երկու տասնամյակ բժշկական ապահովագրությանը վերաբերող և համառորեն լուծում չստացող հիմնախնդիրներին:
Պարոն Ծատուրյանն իր խոսքում նշեց, որ մեր երկրում բնակչության ճնշող մեծամասնությունը լիարժեքորեն չգիտի թե ի՞նչ է բժշկական ապահովագրությունը: Իրականում դա մի ապահովագրական համերաշխության սկզբունք է, որի դեպքում վճարում են բոլորը, ճիշտ է` տարբեր չափերով, այսինքն`
- առողջը վճարում է հիվանդի փոխարեն,
- հարուստը վճարում է աղքատի փոխարեն,
- երիտասարդը թոշակառուի փոխարեն:
Ցավոք, նույն այդ բնակչության կողմից ապահովագրությունը հաճախ դիտվում է որպես գումար հավաքելու միջոց, մինչդեռ, այն բուժօգնություն ցուցաբերելու միջոց է` բուժող կողմի և բուժօգնություն ստացողի միջև: Բժշկական ապահովագրությունը հարաբերությունների բարդ համակարգ է, որի նպատակն է բուժման պրոցեսի հսկումը և հիվանդի առողջության վերականգնումը:
Միաժամանակ անհրաժեշտ է հիշել, որ բժշկական ապոհովագրությունը անվճար բուժօգնության համակարգ կամ բարեգործություն չէ:
Բժշկական ապահովագրության ներդրման թեման մեր երկրում շրջանառվում է առնվազն 15 տարի, իսկ նրա իրականացման գործընթացը Հայաստանում սկսվել է դեռևս 1990-ական թվականներից: Այդ տարիների ընթացքում մի շարք փորձեր են կատարվել ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և մի շարք այլ շահագրգիռ կառույցների կողմից, որոնք, սակայն, առայժմ դրական արդյունք չեն արձանագրել: Մեծ հաջողությունների չեն հասել նաև կամավոր բժշկական ապահովագրությամբ զբաղվող սակավաթիվ ընկերությունները, որոնց մեծ մասը ժամանակի ընթացքում աստիճանաբար հրաժարվել է շարունակել գործունեությունը այս ոլորտում: Ցավոք, ՀՀ-ում չկա բժշկական ապահովագրությանը վերաբերյալ առանձին օրենք, և այս ոլորտը առաջնորդվում է ընդհանուր ապահովագրական օրենսդրությամբ: Վերջին տարիների տվյալները վկայում են, որ կամավոր բժշկական ապահովագրության ծրագրերից մեր երկրում հիմնականում օգտվում են Երևանում բնակվող, միջինից բարձր եկամուտ ունեցող և գործատուի կողմից ապահովագրված քաղաքացիները, որոնց մեծ մասը այս կամ այն ձևով առնչվում է միջազգային կառույցների հետ, որոնք էլ հանդիսանում են նման ապահովագրության պատվիրատուն: Ցավոք, այս խավը կազմում է երկրի ընդհանուր բնակչության մոտ 0,5%-ը: Այդ իսկ պատճառով էլ կամավոր բժշկական ապահովագրությունը էական դեր չի խաղում առողջապահության համակարգի ֆինանսական հոսքերում: Կարևորագույն խոչընդոտներից է նաև բժշկական ապահովագրության սկզբունքների և առավելությունների վերաբերյալ հանրային իրազեկվածության խիստ ցածր է մակարդակը:
Կարևորագույն հիմնախնդիր է նաև այն փաստը, որ ապահովագրողների և բուժհիմնարկների հարաբերությունները ունեն կանոնակարգման կարիք, իսկ, մասնավորապես, կամավոր բժշկական ապահովագրության լայնորեն ներդրման ամենակարևոր սահմանափակումը է, դա այն է, որ այն` մատչելի է բնակչության ընդամենը 25-30 % համար:
Անդրադառնալով արդեն պարտադիր բժշկական ապահովագրության խնդիրներին պարոն Ծատուրյանը նշեց, որ այստեղ ևս ծագում են բազմաթիվ խնդիրներ: Դրանցից մի քանիսը ունեն սկզբունքային բնույթ: Օրինակ`
- Անհրաժեշտ է հստակեցնել պետության քաղաքականությունը բուժօգնության ֆինանսավորման բնագավառում. ինչի՞ դիմաց է իրականում վճարում պետությունը, կամ ի±նչ չափով է վճարում պետությունը` լրիվ թե ամբողջությամբ:
- Երաշխավորվու՞մ է արդյոք առողջապահության ոլորտի պետական ֆինանսավորման ներկա մակարդակը պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման դեպքում:
- Կդառնա՞ արդյոք պարտադիր բժշկական ապահովագրությունը լրացուցիչ հարկային բեռ տնտեսվարողների համար, թե մասամբ կփոխարինի այլ հարկատեսակներին:
- Ի՞նչ ծավալի և բնույթի բուժօգնության ծրագրեր կֆինանսավորվեն պարտադիր բժշկական ապահովագրության միջոցներով:
- Պարտադիր բժշկական ապահովագրությունը կտարածվի միայն աշխատո?ղ բնակչության վրա:
- Ի՞նչ սկզբունքով պետք է պարտադիր բժշկական ապահովագրությունում ընդգրկվեն աշխատող անձի ընտանիքի անդամները:
- Ո՞վ պետք է հանդես գա որպես ապահովադիր չաշխատող բնակչության համար (թոշակառուներ, գործազուրկներ, ուսանողներ և այլն):
- Արդյոք, ապահովագրության շրջանակներում բուժօգնություն ցույց տալու համար պայմանագրեր պետք է կնքվեն բոլո՞ր բժշկական հիմնարկների հետ, և վերջապես պատրա՞ստ են արդյոք վերջիններս անհրաժեշտ ծավալով և մակարդակով այդ ծառայությունները մատուցել բնակչությանը:
Եվ որպես ամենակարևոր խնդիր դիտարկվեց այն հարցը, թե արդյոք այսօր մեր երկրում կա պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրման քաղաքական կամք, և վճռականություն:
Զեկուցումից հետո հնչեցին բազմաթիվ ելույթներ, հարցեր ու պատասխաններ ինչպես առողջապահության կազմակերպիչների, այնպես էլ ապահովագրական ընկերությունների և լրատվական միջոցների ներկայացուցիչների կողմից:
Գրեթե բոլոր մասնակիցները նշեցին, որ մեր երկրում վերջին տարիներին գրանցված տնտեսական աճը հիմք է տալիս հուսալու, որ պարտադիր բժշկական ապահովագրությունը այլևս անիրագործելի գաղափար չէ, և որ կան բազմաթիվ նախադրայլներ այս գործընթացը սկսելու համար: Բնական է, որ այն պահանջում են տարիների քրտնաջան աշխատանք և չի կարող իրագործվել մեկ կամ երկու օրում: Բնական է նաև, որ գործընթացը պետք է կրի փուլային բնույթ, և համապատասխանի բոլոր շահագրգիռ կողմերի շահերին: Հարցադրումների շարքում նշվեց նաև բժիշկների կողմից նման համակարգում աշխատելու պատրաստակամության խնդիրը: Նշվեց, որ այսօր արդեն մեր երկրում կան բուժհաստատություններ և մասնագետներ, որոնք իսկապես պատրաստ են և արդեն իսկ աշխատում են նման սկզբունքով: Առավել կարևորվեց պարտադիր բժշկական ապահովագրության համակարգում պետության դերը: Հասկանալի է, որ պետությունը չի կարող իր վրա կրել երկրի առողջապահական համակարգի բոլոր ծախսերը, ուստի պետությանը օգնելու լավագույն միջոցներից մեկն էլ հենց կամավոր բժշկական ապահովագրության զարգացումն է: Այս դեպքում արդեն պետության կողմից խնայված միջոցները թույլ կտան նպատակային ձևով գումարներ ուղղել սոցիալապես անապահով խավի բժշկական օգնությանը` կազմակերպելով այն պատշաճ մակարդակով:
Նշվեց նաև գոյություն ունեցող փոխադարձ անվստահության մթնոլորտը, որը լրացուցիչ խոչնդոտ է հանդիսանում բժշկական ապահովագրության զարգացման համար: Ստեղծված իրավիճակում մարդիկ չեն դիմում ապահովագրական ընկերություններին այլ անմիջապես դիմում են բժշկին, կրելով բոլոր անհարմարություններն ու ֆինանսական ծախսերը: Այսօր Հայաստանի Հանրապետությունում գործում են 11 ապահովագրական ընկերություններ, սակայն, դրանցից միայն 4-ն են զբաղվում բժշկական ապահովագրությամբ: Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ գոյություն ունեցող թերությունների հետևանքով առաջ են եկել բազմաթիվ դժգոհություններ, ինչպես բուժող բժիշկների, այնպես էլ ապահովագրական ընկերությունների հաճախորդների կողմից, ինչը պատճառ է հանդիսացել համագործակցության դադարեցման համար:
Ծավալված քննարկումների ընթացքում վեր հանվեցին նաև բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք այս կամ այն ձևով առնչվում են բժշկական ապահովագրության զարգացմանը, սակայն ուրախալին այն էր, որ գրեթե բոլոր մասնակիցների եզրակացությունը մեկն էր. համակարգում առկա են բազմաթիվ խնդիրներ, սակայն պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման հարցը իրատեսական է և համակարգային մոտեցման դեպքում կարող է շատ արագ լուծում ստանալ: Բոլոր մասնակիցները համաձայնեցին նաև այն գաղափարի հետ, որ միասնական աշխատանքով քայլ առ քայլ հնարավոր է լուծել բոլոր խնդիրները, որոնք առաջ են քաշվում նմանատիպ խիստ անհրաժեշտ միջոցառումների ընթացքում:
Ուզում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ այս միջոցառումը եզակի չէ, և Հայկական բժշկական ասոցիացիան պարտավորվում է ապագայում ևս կազմակերպել շարունակական քննարկումներ խնդրո առարկա հարցերի շուրջ և պատրաստակամ է նշված հարցերի վերաբերյալ տարբեր ձևաչափերով քննարկումներին`հետամուտ լինելով դրանց լուծմանը:
Ձեր առաջարկությունները, տեսակետները ու նկատառումները խնդրում ենք հասցեագրել ՀԲԱ գրասենյակ:
2004-2022 © Հայկական բժշկական ասոցիացիա