Հարգելի գործընկերներ, ներկայացնում ենք Հայկական բժշկական ասոցիացիայի վարչության հայտարարությունը ս.թ. հունիսի 27-ին Գյումրիում շտապօգնության անձնակազմի նկատմամբ կատարված, շտապօգնության բժիշկ Աշոտ Գրիգորյանի մահվամբ ավարտված բարբարոսական արարքի և հետագա զարգացումենրի վերաբերյալ:
ՀԱՅԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ(ՀԲԱ) ԳՈՐԾԱԴԻՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Արդեն ավելի քան 40 օր անցել է Գյումրիի շտապօգնության անձնակազմի նկատմամբ կատարված և շտապօգնության բժիշկ Աշոտ Գրիգորյանի մահվան ելքի հասցրած անմարդկային արարքից: Մենք խորապես ցնցված ենք և մեր աջակցությունն ենք հայտնում բժիշկ Գրիգորյանի ընտանիքին:
Դեպքից անմիջապես հետո հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարարը, բաց նամակով հանդես եկան նաև ՀՀ ԳԱԱ ակդեմիկոսներ և թղթակից անդամներ, մամուլի ասուլիսում այդ դեպքին անդրադարձավ ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավարը, բավական մեծ անդրադարձ եղավ ԶԼՄ-ներում, հարուցվեց քրեական գործ, բժշկական տարբեր հաստատություններում և ժողովներում քննարկվեց խնդիրը: Սակայն, մեր դիտարկմամբ, դեպքից շաբաթներ անց ամեն ինչ վերադարձավ սովորական հուն՝ առանց հեռահար նախաձեռնությունների:
Նման իրավիճակում, երբ պետությունը` ի դեմս՝
- ՀՀ առողջապահության նախարարի, ով իր վրդովմունքը և գնահատականները հայտնելուց բացի (որի հետ մենք լիովին համաձայն ենք), հավաստիացրեց, որ հետևողական է լինելու «որպեսզի մեղավորները կրեն արժանի պատիժ` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն» և խնդրեց իրավապահ մարմիններին «ամենայն խստությամբ մոտենալ այս զարհուրելի երևույթին», և ավելին, նախարարի կողմից կարծիք է հայտնվել, որ «իրավապահ մարմինների հետ համատեղ պետք է մշակել համակարգ, որպեսզի բուժաշխատողը մեր երկրում իրեն պաշտպանված զգա»:
- համապատասխան իրավապահ մարմինների, որոնց կողմից իրականացվում է քննությունը, մենք կարծում ենք, որ համապատասխան արձագանք է տվել այդ զարհուրելի դեպքին:
անհրաժեշտ է բժշկական հանրության կազմակերպված աջակցությունը և ներգրավումը իր իսկ շահերց բխող գործողությունների իրականացմանը:
Ելնելով վերը նշվածից, լինելով ամենամարդասիրական մասնագիտության կրողները, հավատարիմ մնալով ՀԲԱ կանոնադրական նպատակներին և մեր մասնագիտական կոչմանը հայտարարում ենք, որ՝
- լիովին կիսում ենք ՀՀ առողջապահության նախարարի, ակադեմիկոսների գնահատականներն ու վերաբերմունքը տեղի ունեցածին.
- ողջունում ենք ՀՀ առողջապահության նախարարի ժամանակին և ըստ էության արված հայտարարությունն ու հետագայում բուժաշխատողի պաշտպանվածությանն ուղղված միջոցներ ձեռնարկելու կամքի առկայությունը
- պատրաստակամ ենք ներգրավվել ՀՀ առողջապահության նախարարության կողմից բուժաշխատողների պաշտպանվածությանն, ինչպես նաև մասնագիտական պարտականությունները կատարելիս ծագած խնդիրների լուծման պետական երաշխիքների տրամադրմանն ուղղված ձեռնակվող միջոցառումների մշակմանը և իրականացմանը.
- կոչ ենք անում մեր քաղաքացիներին, այդ թվում բուժաշխատողներին իրենց առողջության պահպանման կամ բժշկական ծառայությունների ցուցաբերման գործընթացում ծագած բոլոր խնդիրները լուծել միայն օրենքի դաշտում.
- մենք պատրաստ ենք բոլոր այն դեպքերում, երբ ոտնահարվում են բժիշկների մարդու իրավունքները և շահերը կամ ոտնձգություն է կատարվում բժշկի կամ բուժաշխատողի նկատմամբ, սատար կանգնել մեր գործընկերներին և օրենքով նախատեսված բոլոր միջոցները կիրառել և տվյալ լիազորություններն ունեցող պետական կառույցներին ներգրավել այդ գործում, որպեսզի ցուցաբերվի անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ խնդիրը ճիշտ ձևով ներկայացվի ՀՀ առողջապահության նախարարություն և մյուս պատկան մարմիններին, ինչպես նաև տրամադրվի բարձրակարգ փաստաբանական օգնություն` ոլորտի լավագույն մասնագետների ներգրավմամբ.
- նախաձեռնում ենք բժշկական էթիկայի կոդեքսի մշակման գործընթաց, որի կիրառումը կապահովի բժիշկների այնպիսի վարքականոնների ներդրումը, ինչը կնպաստի բուժաշխատողների նկատմամբ արժանի վերաբերմունքի ձևավորմանը և կկանխի ոչ ադեքվատ վերաբերմունը նրանց հանդեպ.
- Պատրաստակամություն ենք հայտնում ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ սկսել ծրագրային գործընթաց ինչպես վերը նշված, այնպես էլ ոլորտի համար հետաքրքրություն ներկայացնող բոլոր խնդիրների լուծման հարցերում:
Բոլոր շահագրգիռ կազմակերպությունների և անհատներին կոչ ենք անում միանալ այս նախաձեռնությանը:
Հայկական բժշկական ասոցիացիայի Գործադիր վարչություն
2004-2022 © Հայկական բժշկական ասոցիացիա