Հայկական բժշկական ասոցիացիան, շարունակելով առողջապահական համակարգում բարեշրջումներին նվիրված միջոցառումների շարքը, կազմակերպել է «Բժշկական ապահովագրության հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով կլոր սեղան քննարկումը, որի ընթացքում կարծարծվեն Հայաստանում ապահովագրական բժշկության ներդրման և զարգացման հնարավորությունները, առկա խնդիրներն ու վերջիններիս հաղթահարման ուղիները:
Զեկույցով հանդես եկավ «Դիագնոստիկա» բժշկական միավորման գլխավոր տնօրեն և խորհրդի նախագահ Սարո Ծատուրյանը:
Ապահովագրական բժշկությունը ևս մեկ քայլ է, որը կօգնի բնակչությանը ապահովել որակյալ և մատչելի բուժօգնությամբ, այն թույլ կտա որոշակիորեն թեթևացնել պետության բեռը, ազատել նրան ֆինանսապես կայուն բնակչության հանդեպ ֆինանսական պարտավորություններից և պետական միջոցները նպատակային ձևով ուղղել անապահով խավին անվճար բուժօգնություն տրամադրելուն:
Հայկական բժշկական ասոցիացիան հավատարիմ մնալով իր հիմնական նպատակին` այն է Հայաստանում արդի չափանիշներին համապատասխան բժշկական համակարգի ստեղծումը, համագործակցում է բոլոր շահագրգիռ կողմերի հետ ու նմանատիպ միջոցառումների ընթացքում ևս ուղիներ փնտրում համակարգը բարելավելու համար:
Միջոցառմանը մասնակցեցին բոլոր շահագրգիռ կողմերը` ՀՀ առողջապահության նախարարության, բժշկական կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների ղեկավարներ և այլն:
Քննարկումների արդյունքում ստեղծված մոտեցումները և առաջարկները կխմբավորվեն և կտրամադրվեն համապատասխան պետական մարմիններին:
Ուզում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ այս միջոցառումը եզակի չէ, իսկ քննարկումները կրում են և կրելու են շարունակական բնույթ:
2004-2022 © Հայկական բժշկական ասոցիացիա