«Եթե մենք փորձենք գնահատել առողջապահության համակարգը ՀՀ-ում, ոչ մեկիս համար գաղտնիք չի լինի, կարող ենք բարձրաձայն ասել, որ առողջապահական ոլորտում առկա բազմաթիվ հիմնախնդիրների պատճառով բժիշկն իր առաքելությունները կյանքի կոչելու ճանապարհին հաղթահարում է տարատեսակ խոչընդոտներ»,-այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Պարունակ Զելվեյանը:
Նրա կարծիքով, բժիշկն այսօր ստիպված է լուծել խնդիրներ, որոնք ոչ միայն որևէ կապ չունեն իր մասնագիտական գործունեության հետ, այլև շատ հաճախ հարիր չեն իր կոչմանը և չեն մտնում աշխատանքային պարտականությունների մեջ: Ոլորտում դեռևս առկա է համահարթեցման սկզբունքը, որի հետևանքով նույնիսկ բարեխիղճ և մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող բժիշկները չեն ստանում համարժեք վարձատրություն:
Բացի գործող օրենսդրությունից` բժիշկն, ըստ բանախոսի, պետք է առաջնորդվի նաև էթիկայի կոդեքսով: Հայկական բժշկական ասոցիացիան նախապատրաստել է և քննարկման մեջ է դրել բժշկական էթիկայի կանոնակարգը կամ, այլ կերպ ասած, բժիշկի էթիկայի կոդեքսը:
Ասոցիացիայի նախագահը տեղեկացրեց, որ ասոցիացիան պատրաստակամ է պաշտպանելու էթիկայի կոդեքսը չխախտած յուրաքանչյուր բժշկի շահերը:
«Առողջապահության համակարգի ֆինանսավորումը և գնագոյացման մեխանիզմները հեռու են համարժեք լինելուց, առկա է անվճար բուժօգնության հայտարարվող ծավալների և այդ ծավալների համար առողջապահությանը հատկացվող գումարների անհամապատասխանություն»,- նշեց Պ.Զելվեյանը:
Բժշկի խոսքով նման պայմաններում բուժհիմնարկների ղեկավարներն իրենց հերթին պարտադրված են բուժման ծախսերի պակասը լրացնելու այլ աղբյուրների հաշվին` նպաստելով ոլորտում առկա ստվերի խորացմանը: «Արդյունքում համակարգում ձևավորվել են ստվերային շուկայական հարաբերություններ»,- մտահոգություն հայտնեց նա:
Վերը նշվածին գումարվում է նաև այն հանգամանքը, որ առողջապահական կազմակերպությունները համարվում են առևտրային և գտնվում են նույն հարկային դաշտում այլ ծառայություններ մատուցող առևտրային կազմակերպություններին զուգահեռ` այստեղից բխող բոլոր հետևանքներով:
«Նշված հանգամանքները առողջապահության ոլորտը դարձնում են ինվեստիցիոն առումով ոչ գրավիչ և հնարավորություն չեն տալիս համակարգին զարգանալու»,-համոզված է Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահը:
Աղբյուր՝ Պանորամա
2004-2022 © Հայկական բժշկական ասոցիացիա