ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը և հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել են Հայկական բժշկական ասոցիացիայի գործադիր վարչության ներկայացուցիչների հետ:
Ողջունելով հյուրերին` Նարեկ Զեյնալյանը կարևորել է քաղաքակիրթ աշխարհում բժշկական ասոցիացիաների դերակատարությունը: Հանդիպման նպատակը բավարար օրենսդրական հիմքեր մշակելը և ստեղծելն է կառույցի գործունեությունը լիարժեք ապահովելու համար: Նրա դիտարկմամբ` ասոցիացիայի գործունեության որոշակի չափորոշիչներ պետք է մշակվեն:
Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար` կարևորելով օրենսդիր մարմնի ուշադրությունը կառույցի նկատմամբ: Նա ներկայացրել է իրենց գործունեությունը` անդրադառնալով առկա խնդիրներին:
Գործադիր վարչության ներկայացուցիչները մտքեր են փոխանակել օրենսդրական հիմքերի, իրավունքների, պարտականությունների, որակի չափորոշիչների մշակման, բժշկական կրթություն ապահովող հաստատությունների հետ համագործակցության, բժիշկների պաշտպանվածության, մասնագիտական էթիկայի հարցերի վերաբերյալ:
Արմեն Սողոյանի համոզմամբ` ունենալով գործադիր և օրենսդիր մարմինների աջակցությունը` իրատեսական հաջողություններ կգրանցվեն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպելու քննարկումներ հստակեցված ծրագրերի շուրջ:
2004-2022 © Հայկական բժշկական ասոցիացիա