Ֆրանսիական La Revue du Praticien պարբերականի հայերեն հրատարակության հերթական համարն արդեն ձեր տրամադրության տակ է։
Կենտրոնական թեման, որին նվիրված է մի ամբողջ հոդվածաշար, կրծքի և վաղ տարիքի երեխաների սնուցումն է. խնդիր, որը բոլոր ժամանակներում արդիական է թե՛ ծնողների, թե՛ բուժոլորտի մասնագետների համար։
Հայտնի է, որ երեխայի կյանքի առաջին 1000 օրերը որոշիչ են նրա ապագա առողջության համար, և սնուցումը հիմնաքարային գործոններից է։ Պատահական չէ, որ ծնողների՝ բժիշկներին ուղղած հարցերը հաճախ վերաբերում են սնուցմանը՝ ինչպե՞ս ընտրել երեխայի կաթը, երբ կրծքով կերակրելն անհնար է, ե՞րբ և ինչպե՞ս ներմուծել հավելյալ սնունդ, ի՞նչ դեր հատկացնել կովի կաթին... Բացի դրանից՝ սերնդափոխությունն իր հետ բերում է նոր իրողություններ, սննդի և շրջակա միջավայրի նկատմամբ նոր աշխարհայացք (օրինակ` վեգանությունը), որը որդեգրած որոշ ծնողներ կարող են սահմանափակող սննդակարգեր կիրառել երեխայի կյանքի առաջին իսկ օրերից։ Ո՞րն է այդ սննդակարգերի իրական վտանգը, ինչպե՞ս երկխոսել այդ ընտանիքների հետ՝ ի շահ երեխայի, միաժամանակ՝ առանց հարցականի տակ դնելու նրանց ընտրության էթիկական հենքը։ Այս և երեխայի սնուցմանն առնչվող բազում այլ հարցերի պատասխանները կգտնեք՝ կարդալով համարի թեմատիկ հոդվածաշարը։
Սննդամթերքի ընտրության դժվարությունները չեն վերանում մանկության փուլի ավարտից հետո։ Գերվերամշակված սննդանյութերն ամենուր են և գրեթե անխուսափելի։ Առողջության վրա դրանց թողած ազդեցության վերաբերյալ տվյալները շարունակ համալրվում են։ Պարբերականի Գիտելիքի շտեմարան բաժնի հոդվածներից մեկն ամփոփում է ցայսօր հայտնի փաստերը։
Մերօրյա համավարակը, ի թիվս այլնի, վեր հանեց նաև բժշկություն-հասարակություն փոխհարաբերությունների հարցը. ինչպիսի՞ն կլինի բժշկությունը Քովիդ-19-ի ճգնաժամից հետո։ Ընթերցեք անցյալի լույսի ներքո ներկան վերլուծող և ապագայում (հուսանք՝ մոտ ապագայում) ճգնաժամը հաղթահարելու ուղիներ ուրվագծող ֆրանս-կանադական համատեղ հոդվածը։
Համարում կգտնեք նաև բժշկության այլ բնագավառների առնչվող հոդվածներ` մեծահասակների շաքարային դիաբետի վերաբերյալ համապարփակ հոդված, կրկնվող տենդեր, կլինիկական դեպքեր և այլն:
2004-2022 © Հայկական բժշկական ասոցիացիա