Ապրիլի 5-ին տեղի ունեցավ 2000-ին վթարված ուղղաթիռի զոհերից մեկի՝ Տիգրան Հովեսյանի մոր՝ որդուն նվիրված գրքի շնորհանդեսը:
Միջոցառումը կազմակերպել էին Հայկական բժշկական ասոցիացիան և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը:
Ուղղաթիռում երեք բժիշկ էին և երեք զինվորական օդաչու, ովքեր մեկնում էին վիրավոր զինծառայողին օգնություն ցուցաբերելու: Վթարի արդյունքում բոլորը զոհվեցին…
Տիգրանը երկու օրից՝ ապրիլի 7-ին, կդառնար 50 տարեկան: Եվ այսօր հուշ-երեկո էր՝ նվիրված Տիգրանին, և, միաժամանակ, նրա մասին գրված «Ճախրանք» գրքի շնորհանդեսն էր: Գիրքը գրել է Տիգրանի մայրը, որտեղ զետեղված են նաև որդու մասին հավաքված հուշերը:
ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի խոսքը հուզիչ էր, անհնարին էր համարում հպարտության զգացում չապրել, որովհետև ուղղաթիռի զոհերից վեցն էլ բանակի հրաշալի սպաներ էին, յուրաքանչյուրը` պրոֆեսիոնալ իր մասնագիտության մեջ… «Մեր երեք ուղղաթիռային օդաչուները և մեր երեք բժիշկները՝ երկու վիրաբույժ և մեկ անեսթեզիոլոգ՝ Տիգրանը», - հուզված կրկնում էր նա, - «Բոլորն էլ պարտաճանաչ և բարեխիղճ սպաներ էին իրենց ծառայության մեջ: Իսկ այդ օրը մտան Հայոց բանակի պատմության մեջ, ցավոք, ողբերգական պատահարի դիպվածով: Բայց այդ պատահարը շարքային պատահարներից չէր, որոնցից ապահովվագրված չէ ոչ-ոք: Ես դրա իմաստն անգամ ծառայողական պարտականություն կատարելու արտահայտության մեջ չեմ ամփոփի: Դա մարտական առաջադրանք էր, որովհետև այդ առաջադրանքի նպատակակետը զինվորի կյանքն էր և նրա առողջությունը:
Եղանակային վատ պայմանները հետ չպահեցին ո՛չ օդաչուներին, ո՛չ բժիշկներին, և նրանք գնացին իրենց պարտքը կատարելու: Այսօր ամեն բան նորից վերապրեցի…»,- հուզված ու խոնավ աչքերով պատմում էր Գ. Հարությունյանը:
Այսօրը խորհրդանշական էր նրանով, որ մայրն էր հավերժացնում որդու հիշատակը՝ հուշ-գիրք գրելով նրա 50-ամյակի կապակցությամբ:
«Մեր ժողովրդի ուժը գալիս է մայրերից: Մեր հերոս տղաներին, իրականում, հերոսացնում են մայրերը և հարազատները: Այն պահից, երբ արդեն նրանք իրենց սրտում ընդունում են այդ զոհաբերությունը, նրանք դառնում են ամբողջ ազգինը: Այն պահից, երբ մայրերից յուրաքանչյուրը դադարում է իրեն հարցնել, թե ինչո՞ւ հենց ի՛ր որդին, այլ ոչ` մեկ ուրիշինը, այդ պահից նրանք, իսկապես, արդեն հերոսացնում և արժևորում են իրենց որդու-որդիների զոհաբերությունը: Հատման կետեր են առաջանում այդպիսի կորուստների ժամանակ՝ դեպքից առաջ և դեպքից հետո: Բայց շատ կարևոր է, որ աշխարհը չսահմանափակվի և չմնա «դեպքից առաջ», այլ որդեկորույս մայրը՝ իր որդու աշխարհի հետ զուգահեռ, շարունակի մնալ նաև ներկա իրականության մեջ: Այդ զուգահեռ աշխարհներում ապրելով, ահա, հնարավոր է նաև այսպիսի գրքեր ստեղծել և դրանք շնորհանդեսի բերել»,- այսպես խոսքն ավարտեց Գ. Հարությունյանը:
Հուզմունքը զսպելով, որովհետև ասելիք կար, խոսեց մայրը,- «Գիրքը ծնվել է անձնական և անանձնական ապրումներից: Ես գրող կամ բանաստեղծ չեմ, ուղղակի ցավի տողեր էին կուտակվել իմ մեջ, որոնք ուզում էի ի մի բերել, Տիգրանի մասին հուշերը հավաքել մեկ տեղում: Եվ ծնվեց գիրքը…
Գիրքը 10 տարի առաջ գրվեց, հետո ոչինչ չի ավելացվել, պարզապես տպագրվեց հիմա: 20 օրվա ընթացքում տղաները, հիմնականում Պարունակի պատասխանատվությամբ, կազմակերպեցին գրքի հրատարակումը: 19 տարի շարունակ այն միշտ ինձ հետ էր: Ընդհանրապես, ցավի հետ մենակ մնալը սարսափելի է...
Կարծում եմ, անձնազոհության մեջ անգամ կյանքը հաղթում է… Հունվարի 19-ին Տիգրանի զոհվելուց հետո, մայիսի 9-ին ծնվեցին նրա զույգ երեխաները՝ տղա և աղջիկ… Ուրեմն ինչ-որ անիմանալի բան կար, որ ապրեցրել է այդ երեխաներին: Այսօր նրանք 18 տարեկան են: Տղան հոր անունն ունի՝ Տիգրան:
Ասելիք ուներ նաև Տիգրանի մեծ դուստրը` Ժաննա Տիգրանի Հովեսյանը. «Հուզված եմ, որովհետև 5 տարեկան էի, երբ հայրս զոհվեց: Գիրքը կարծես ինչ-որ շարունակություն լինի. հիշողությունների հավաքականություն, որը կօգնի քրոջս և եղբորս՝ ստեղծել իրենց մեջ հոր կերպարը, որովհետև նրանք հայրիկից հիշողություններ չունեն…»
Սկզբնաղբյուր. med-practic.com
2004-2022 © Հայկական բժշկական ասոցիացիա