Հայկական բժշկական ասոցիացիայի գործադիր վարչությունը սրտանց շնորհավորում է Ձեզ՝ մեր մեծ հայրենակցին, տաղանդավոր գործընկերոջը, բացառիկ մասնագետին և վաստակաշատ ուսուցչին, «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանանալու և Հայրենիքի շքանշանով պարգևատրվելու առթիվ:
Խորհրդանշական է, որ այս կոչումը շնորհվում է պանդեմիայի պայմաններում, երբ բոլոր բժիշկներն են հերոս: Բոլորն են մարտնչում հիվանդությունների դեմ, փրկում կյանքեր, կերտում ավելի առողջ հայրենիք, և բարձրագույն կոչումը տրվում է արժանիներից ամենաարժանավորին:
«Առողջապահության զարգացման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, սրտի բարդ վիրահատություններ իրականացնող նորարարական բժշկական կենտրոն ստեղծելու և մեծաթիվ նոր մասնագետներ պատրաստելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հագոպ (Հրայր) Սահակի ՀՈՎԱԳՈՒԻՄԻԱՆԻՆ պարգևատրել Հայրենիքի շքանշանով»․ այսպես է ձևակերպված Ձեզ՝ կենդանի լեգենդին, Հայաստանի ազգային հերոսի կոչման շնորհման հիմնավորումում: Դուք առաջին հայ բժիշկն եք, ով արժանանում է Հայրենիքի բարձրագույն պարգևին:
Լինելով Հալեպի բժշկական համալսարանի շրջանավարտ, այնուհետ ԱՄՆ-ում շարունակելով կրթությունը և բազմաթիվ վերպատրաստումներ անցնելով՝ ամբողջ հավաքված գիտելիքը, փորձն ու հմտությունները ծառայեցրել եք Հայաստանին: Ահռելի ջանքեր եք ներդրել Նորք-Մարաշ բժշկական կենտրոնը հիմնելու, շարունակաբար կատարելագործելու ու բարձրորակ սրտային վիրաբույժներ պատրաստելու գործում: Ձեր ղեկավարությամբ էր, որ կենտրոնը դարձավ առաջատարներից մեկը ոչ միայն Հայաստանում, այլ՝ ամբողջ տարածաշրջանում: Ի տարբերություն շատերի, Դուք երբեք չեք վախեցել Ձեզ մրցակիցներ ստեղծելուց և վստահաբար գիտակցել եք, որ կգա մի օր, երբ Ձեր աշակերտները կլինեն առաջատարները: Եվ Ձեր նպատակը հենց դա էր, այլ ոչ թե մեկ մասնագետի կամ անհատի փառքը: Եվ Ձեր աշակերտների ու թիմի հանդեպ հավատը բերեց նրան, որ, երբ Ձեզ պետք եղավ վիրահատություն, Ձեր առողջությունն անխոս վստահեցի՛ք Ձեր իսկ աշակերտներին:
Դուք Հայաստանում առաջիններից էիք, որ սկսեցիք կիրառել ամսագրային ակումբները (journal club)՝ Ձեր բոլոր սաներին ներկայացնելով ու սերմանելով նոր գիտելիք ու հմտություններ սովորելու այբուբենը, բժշկությունն աշխարհահայացք ու կենսակերպ դարձնելու արվեստը:
Շնորհակալություն այս ամենի և Ձեր ներկայության համար:
Կրկին շնորհավորելով՝ մաղթում ենք Ձեզ նորանոր ձեռքբերումներ և ամենակարևորը՝ քաջառողջություն, քանի որ Ձեր սրտի շնորհիվ է, որ բաբախում են տասնյակ հազարավոր փրկված մարդկանց սրտեր:
ՀԲԱ Գործադիր վարչություն
2004-2022 © Հայկական բժշկական ասոցիացիա