Ձեզ է ներկայացվում Հայկական բժշկական ասոցիացիայի Բժշկական էթիկայի կոդեքսի ՆԱԽԱԳԻԾԸ
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ԿՈԴԵՔՍ (Նախագիծ)
1. ՆԱԽԱԲԱՆ
1.1. Բժշկի առաքելությունը մարդու հիմնարար արժեքների՝ կյանքի և առողջության պահպանումն է՝ հիմնված բարձր էթիկական սկզբունքների վրա, ինչպիսիք են՝ պացինտի անձի և մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանք, գթասրտություն, փոխադարձ վստահություն, պարկեշտություն, համբերություն և արդարություն:
1.2. Բժիշկներն առաջնային պատասխանատվություն են կրում բոլոր այն պացիենտների համար, ովքեր իրենց կյանքն ու առողջությունը վստահել են իրենց, սակայն նրանք նաև ունեն ընդհանուր պարտականություններ այլ պացիենտների, գործընկերների և հանրության առջև:
1.3. Բժշկ-պացիենտ փոխհարաբերությունը պետք է լինի անկեղծ գործընկերային՝ հիմնված փոխադարձ հարգանքի, համագործակցության և վստահության վրա: Այսպիսի գործընկերության մեջ բժիշկը և պացիենտն ունեն ինչպես իրավունքներ, այնպես էլ պարտականություններ:
1.4. Հայկական բժշկակական ասոցիացայի (ՀԲԱ) Բժշկական էթիկայի կոդեքսը (այսուհետ՝ Կոդեքս) համակարգում և բժշկական հանրույթին է ներկայացնում բժշկական էթիկայի հիմնարար սկզբունքները, որոնք սահմանում են բժիշկների վարքագիծը պացիենտների, գործընկերների և հանրության հետ բարդ և առանձնահատուկ հարաբերություններում և թույլ են տալիս ապահովել մատչելի, արդյունավետ, որակյալ և անվտանգ բժշկական օգնություն և սպասարկում:
1.5. Կոդեքսը հիմնված է միջազգայնորեն ընդունված էթիկայի կոդեքսների հիման վրա, ինչպիսիք են՝ Հիպոկրատյան երդում, Համաշխարհային բժշկական ասոցիացիայի (WMA) 1948թ. Ժնևյան և 1964թ. Հելսինկյան հռչակագրեր և այլն:
1.6. Կոդեքսի սկզբունքներն ու դրույթները տարածվում են գործնական և գիտական գործունեություն իրականացնող բոլոր բժիշկների վրա՝ անկախ նրանց մասնագիտական դերից, պաշտոնից կամ գիտական կոչումից:
1.7. Կոդեքսի սկզբունքների և դրույթների ընդունումը, անխախտ պահպանումը և առաջխաղացումը պարտադիր են ՀԲԱ անդամակցող բոլոր բժիշկների և կազմակերպությունների համար:
1.8. Առողջապահական ոլորտի ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից Կոդեքսի դրույթների խախտման դեպքերին ՀԲԱ Էթիկայի հանձնաժողովը կարող է արձագանքել հայտարարությամբ, զեկույցով կամ այլ, այդ թվում՝ հանրային միջոցներով:
2. ԲԺԻՇԿԸ ԵՎ ՊԱՑԻԵՆՏԸ
2.1. Պացիենտների բժշկական օգնություն և սպասարկում
2.1.1. Առաջին հերթին հոգ տարեք պացիենտի առողջության և բարեկեցության մասին, առաջնորդվեք բացառապես պացիենտի շահերով և պահպանեք ոչ միայն «մի՛ վնասիր», այլ նաև «տո՛ւր ամենամեծ օգուտը» սկզբունքները:
2.1.2. Միշտ գործեք ըստ ձեր խղճի, որը պետք է դառնա ձեր մասնագիտական գործունեության գլխավոր դատավորը:
2.1.3. Որպես բուժող բժիշկ դուք ամբողջական պատասխանատվություն եք կրում պացիենտների կյանքի և առողջության վերաբերյալ ձեր որոշումների և գործողությունների, այդ թվում՝ բուժօգնության որակի, արդյունավետության և անվտանգության, ինչպես նաև պացիենտների կյանքին և առողջությանն առնչվող ցանկացած այլ մասնագիտական գործառույթի համար:
2.1.4. Պացիենտին հատկացրեք ճիշտ ախտորոշման, բուժման, հետագա նշանակումների և խորհուրդների ամբողջական ծավալի տրամադրման, ինչպես նաև դրանք պացիենտներին մանրամասն և մատչելի ձևով ներկայացնելու համար բավարար ժամանակ և ուշադրություն:
2.1.5. Պացիենտին վերաբերվեք որպես անհատի` հարգանքով, սիրալիր, բարյացակամ, ըմբռնումով և ապրումակցելով։
2.1.6. Հարգեք իր բժշկին և բուժհաստատությանն ազատ ընտրելու պացիենտի իրավունքը:
2.1.7. Հարգեք իր առողջական վիճակի վերաբերյալ լիարժեք և մատչելի ձևով տեղեկատվություն ստանալու պացիենտի իրավունքը: Պացիենտին մանրամասն ներկայացրեք նրա առողջական վիճակը, հիվանդության ընթացքը և հնարավոր բարդությունները, հետազոտման և բուժման մեթոդները, դրանց այլընտրանքները, ակնկալվող արդյունքները և հնարավոր վտանգներն ու կողմնակի երևույթները: Համոզվեք, որ պացիենտը բավարարված է ձեր տրամադրած տեղեկատվությունից:
2.1.8. Հարգեք սեփական առողջության և բուժման վերաբերյալ իրազեկված որոշումներ կայացնելու պացիենտի իրավունքը: Սա ներառում է հետազոտությունների, կանխարգելիչ և բուժական միջոցառումների կամ միջամտությունների, ներառյալ՝ կյանքը պահպանող բուժումների վերաբերյալ խորհուրդներ ընդունելու կամ մերժելու կամ որոշումը փոխելու իրավունքը, որը ձևակերպվում է համաձայնություն տալով։
2.1.9. Ստացեք պացիենտի իրազեկված (գրավոր) համաձայնությունը մինչև որևէ հետազոտություն, բուժում, միջամտություն կամ միջոցառում նախաձեռնելը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերից (մարդու կյանքին սպառնացող վտանգ, շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններ):
2.1.10. Հարգեք նախկինում տված համաձայնությունից հրաժարվելու պացիենտի իրավունքը:
2.1.11. Հարգեք օժանդակող կամ խնամող անձ ունենալու պացիենտի խնդրանքը:
2.1.12. Օժանդակեք պացիենտի բուժման համակարգմանը և շարունակականությանը:
2.1.13. Հարգանքով վերաբերվեք այն փաստին, որ մեկ պացիենտը կարող է ստեղծել մեկից ավելի բժիշկ-պացիենտ հարաբերություններ:
2.1.14. Խրախուսեք և աջակցեք պացիենտին, որ հետաքրքրություն դրսևորի և գործնական քայլեր ձեռնարկի իր առողջության մասին հոգ տանելու հարցում:
2.1.15. Նկատի ունեցեք, որ դուք կարող եք ծանրակշիռ պատճառաբանությամբ հրաժարվել բուժական հարաբերության մեջ մտնելուց, եթե առկա է այլ բժշկական օգնություն և սպասարկում տրամադրող և իրավիճակն անհետաձգելի չէ: Նույն կերպ, դուք կարող եք նախապես պացիենտին տեղեկացնելուց հետո հրաժարվել բուժական հարաբերությունը շարունակելուց, եթե այն դարձել է անարդյունավետ կամ անկառավարելի և պահպանված են վերոնշյալ բոլոր պայմանները: Երկու դեպքում էլ մի օգտագործեք ձեր դիրքորոշումը՝ խոչընդոտելու կամ սահմանափակելու բուժօգնություն ստանալու պացիենտի իրավունքը:
2.1.16. Հարգեք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտի ցավերի և տառապանքի մեղմացման (նույնիսկ եթե դա կարող է ազդել կյանքի տևողության վրա), ինչպես նաև հոգեբանական կամ հոգևոր օժանդակություն ստանալու իրավունքը:
2.1.17. Եթե պացիենտի մահը համարվում է անխուսափելի և բուժական կամ կյանքը երկարացնող բուժումները անարդյունավետ են, ձգտեք ապահովել, որ նրա մահը վրա հասնի հնարավորինս անցավ, առանց տառապանքների և արժանապատիվ ձևով: Հոգեբանական աջակցություն ցուցաբերեք նման պացիենտի ընտանիքի անդամներին և հարազատներին:
2.1.18. Երբեք կամ որևէ կերպ մի փորձեք արագացնել հիվանդի մահը (էֆթանազիա), այդ թվում՝ կյանքի պահպանման արհեստական միջացառումների կանխամտածված դադարեցմամբ կամ այլ անձանց ներգրավմամբ: Վերակենդանացման միջոցառումների դադարեցման հարցը պետք է որոշվի կոլեգիալ սկզբունքով և միայն այն դեպքում, երբ հիվանդի վիճակն ըստ գործող չափորոշիչների գնահատվում է որպես անդառնալի մահ:
2.1.19. Հարգեք բուժօգնության վերաբերյալ պացիենտի բողոքարկման և փոխհատուցում ստանալու իրավունքը: Համոզվեք, որ նրան տրամադրել եք բողոքարկման գործընթացի համար անհրաժեշտ բոլոր տվյալները և թույլ մի տվեք, որ դա բացասաբար անդրադառնա նրա բուժօգնության որակի, անվտանգության կամ շարունակականության վրա:
2.1.20. Ազատությունից զրկված, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող կամ խոցելի համարվող այլ խմբերին պատկանող պացիենտին հետազոտելիս կամ բուժելիս համոզվեք, որ ոչ ուղղակիորեն, ոչ էլ միջնորդավորված ձևով չեք նպաստում նրա ֆիզիկական կամ հոգեբանական անձեռնամխելիության ոտնձգությանը կամ արժանապատվության նվաստացմանը, ինչպես նաև հատուկ ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ պացիենտի վիճակը կամ կարգավիճակը տվյալ մարդու համար չդառնա ժամանակին և որակյալ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու խոչընդոտ: Եթե փաստում եք, որ պացիենտը դարձել է բռնության կամ վատ վերաբերմունքի զոհ, առանց հետաձգելու այդ մասին տեղեկացրեք ձեր գործատուին և համապատասխան իրավապահ մարմիններին:
2.1.21. Մասնագիտությունից անկախ, բժշկական հաստատությունից դուրս պարտավոր եք գտնվել կյանքին վտանգ սպառնացող վիճակում գտնվող մարդու կողքին և ցուցաբերել հնարավոր բուժօգնություն կամ համոզված լինել, որ նման օգնությունը ցուցաբերվում է:
2.1.22. Որևէ պայմանում կամ իրավիճակում խուսափեք պացիենտի կամ նրա հարազատների հետ վեճի, խոսքակռվի կամ այլ անցանկալի հակասությունների մեջ հայտնվելուց: Փորձեք առավելագույնս հարթ լուծել հակասությունները՝ շեշտը դնելով ճիշտ և ամբողջական տեղեկատվության տրամադրման, գործընկերների ներգրավման և առկա խնդրի լուծման այլ արդյունավետ միջոցներին դիմելով:
2.2. Պացիենտի տվյալների պաշտպանություն
2.2.1. Հարգեք պացիենտի անձնական կյանքի և առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունների, այդ թվում՝ բժշկական գրանցումների գաղտնիության իրավունքը (այդ թվում՝ նրա մահից հետո): Բժշկական գաղտնիքը կարող է այլ բժիշկներին կամ երրորդ կողմին տրվել քիչ բացառություններով կամ միայն պացիենտի համաձայնությամբ և պետք է ծառայի միայն նրա առողջության, անվտանգության կամ սանիտարահիգիենիկ նպատակների ապահովմանը: Սա վերաբերվում է ինչպես նույնականացվող, այնպես էլ չնույնականացվող տվյալներին:
2.2.2. Պացիենտի տվյալները պահպանեք ապահով պայմաններում:
2.2.3. Հարգեք իր բժշկական գրանցումների կամ փաստաթղթերի հետ ծանոթանալու և փոքր սահմանափակումներով դրանց օգտագործման և գաղտնազերծման վրա հսկողության պացիենտի իրավունքը:
2.3. Սահմանափակ, թուլացած կամ անկայուն որոշում կայացնելու ունակությամբ պացիենտներ
2.3.1. Պացիենտն ունի ինքնուրույն որոշում կայացնելու և կայացրած որոշման մասին տեղեկացնելու իրավունք, քանի դեռ չկան հակառակն ապացուցող փաստեր:
2.3.2. Որոշ պացիենտներ կարող են ունենալ որոշում կայացնելու ունակության սահմանափակումներ կամ անկայունություն: Նման դեպքերում կոնկրետ ժամանակի և իրավիճակի համար ինչպես առողջության, այնպես էլ անձնական տվյալների օգտագործման և գաղտնազերծման վերաբերյալ որոշում կայացնելու պացիենտի ունակությունը պետք է գնահատվի նախապես:
2.3.3. Որոշ պացիենտներ կարող են որոշում կայացնել միայն այլ անձանց օգնությամբ, մինչդեռ մյուսների համար կարող է պահանջվել որոշում կայացնելու ունակ այլ մարդու ներկայություն:
2.3.4. Եթե պացիենտն ի վիճակի չէ որոշում կայացնել կամ արտահայտել իր իրազեկված համաձայնությունը, վերջինս կարող է տալ նրա օրինական ներկայացուցիչը:
2.3.5. Որոշ դեպքերում գործունակ անչափահասը կարող է ունենալ բուժօգնության վերաբերյալ որոշում կայացնելու ունակություն և հանդես գալ իր անունից:
2.3.6. Հոգ տարեք և միջոցներ ձեռնարկեք՝ պաշտպանելու երեխայի կամ ինքնուրույն որոշում կայացնել չկարողացող պացիենտի շահերը, եթե ակնհայտ է, որ նրանց կյանքը և առողջությունը չեն հետաքրքրում շրջապատին կամ հարազատներին կամ երբ վերջիններիս կողմից վիճակի լրջությունը բավարար կերպով չի ընկալվում կամ գիտակցվում:
2.4. Պացիենտի ընտանիքի անդամներ, խնամողներ և այլ կարևոր անձինք
2.4.1. Հարգանքով վերաբերվեք պացիենտների ընտանիքի անդամներին, խնամողներին և հարազատներին:
2.4.2. Հիշեք, որ պացիենտի ընտանիքի անդամները և խնամողները նույնպես կարող են ունենալ օժանդակության կարիք, հատկապես, եթե պացիենտի վիճակը ծանր կամ ծայրահեղ ծանր է: Անհրաժեշտության դեպքում օգնեք նրանց պացիենտի խնամքին կամ անխուսափելի կորստին վերաբերվող խորհուրդներով:
2.5. Կլինիկական հետազոտություններ
2.5.1. Համոզվեք, որ մարդիկ ներգրավված են պատշաճ հիմնավորված, ճիշտ նախագծված, իրավունքների լիարժեք պաշտպանված, անվտանգության բոլոր միջոցներն ու պայմաններն ապահովված և համապատասխան էթիկայի հանձնաժողովի կողմից նախապես հաստատված գիտական հետազոտություններում:
2.5.2. Որպես հետազոտող դուք պետք է ունենաք համապատասխան որակավորում ու փորձառություն և կրեք անձնական պատասխանատվություն, եթե ձեր գործողությունների արդյունքում (անփութություն, փորձարկման ոչ ճիշտ անցկացում և այլն) որևէ մասնակցի առողջական վիճակը վատթարացել է։ Նման իրավիճակներում պարտավոր եք ձեռնարկել անհետաձգելի համալիր գործողություններ՝ վերականգնելու հետազոտության մասնակցի նորմալ առողջական վիճակը:
2.5.3. Գիտական հետազոտության առանձին մասնակցի իրավունքներն ու շահերը գերակա են այլ շահերից, ներառյալ՝ գիտության, հետազոտական խմբի, օժանդակող կազմակերպությունների, հովանավորների և ավելի լայն հանրության:
2.5.4. Համոզվեք, որ գիտական հետազոտության բոլոր մասնակիցները լիարժեք և մատչելի ձևով տեղեկացված են նպատակների և առաջադրված խնդիրների, մեթոդների, հնարավոր օգուտների ու հավանական վտանգների մասին և սահմանված կարգով տվել են կամավոր մասնակցության գրավոր իրազեկված համաձայնություն:
2.5.5. Անգործունակ ճանաչված կամ անչափահաս պացիենտների մասնակցության գրավոր համաձայնությունը ստացեք նրանց ծնողներից կամ այլ օրինական ներկայացուցիչներից: Նախաձեռնեք նման հետազոտություններ միայն մասնակցի կյանքը փրկելու, առողջությունը վերականգնելու կամ պահպանելու նպատակով:
2.5.6. Ստացեք պացիենտի համաձայնությունն այն մասին, որ բուժող բժիշկներին տեղեկացնեք պացիենտների մասնակցության, հետազոտության էության և էթիկայի հիմքերի մասին:
2.5.7. Հարգեք հետազոտությանը չմասնակցելու կամ հետազոտության որևէ փուլում մասնակցությունից անարգել հրաժարվելու պացիենտի իրավունքը և համոզվեք, որ դա չի վտանգի բժիշկ-պացիենտ հարաբերությունը կամ բացասաբար չի ազդի նրա բուժման կամ խնամքի վրա:
2.5.8. Համոզվեք, որ հրապարակելուց կամ բժշկական հանրույթին ներկայացնելուց առաջ հետազոտության արդյունքները անցել են պատշաճ փորձագիտական գնահատում: Գիտական հրապարակումներ անելիս անպայման պահպանեք հեղինակային իրավունքի պահանջները:
3. ԲԺԻՇԿԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
3.1. Մասնագիտական վարքագծեր
3.1.1. Բժշկական գործունեությամբ զբաղվեք միայն ձեր հնարավորություններին և սահմանափակումներին համապատասխան՝ գործելով ձեր գիտելիքների և փորձառության շրջանակներում:
3.1.2. Ստեղծեք մասնագիտական համբավ՝ հիմնված առաջին հերթին ազնվության, գիտելիքների, փորձի և հմտությունների վրա:
3.1.3. Հիշեք, որ ձեր անձնական վարքագիծը կարող է ազդել ձեր և ձեր մասնագիտության պատվի վրա:
3.1.4. Շարունակեք համակարգված մասնագիտական զարգացումը ողջ կյանքի ընթացքում և բարձր պահեք ու մշտապես կատարելագործեք ձեր բժշկական գործունեության որակն և մակարդակը: Նույն կերպ, իմացեք և մշտապես թարմացրեք մասնագիտական գործունեության համապատասխան կանոնակարգերի և իրավական կարգավորումների վերաբերյալ գիտելիքները:
3.1.5. Պահպանեք մասնագիտական սահմանները պացիենտների և նրանց ընտանիքի անդամների ու հարազատների հետ հարաբերություններում՝ կտրուկ խուսափելով սեռական, շահագործող կամ այլ ոչ պատշաճ վարքագծերից:
3.1.6. Երբեք և որևէ պատրվակով մի օգտվեք պացիենտի բժշկական գիտելիքների բացակայությունից, հիվանդությունների նկատմամբ վախից, բուժանձնակազմի նկատմամբ վստահությունից և կամ ձեր մասնագիտական առավելություններից:
3.1.7. Կտրուկ հրաժարվեք պացիենտներից կամ նրանց ընտանիքի անդամներից ու հարազատներից դրամական նվիրաբերություններ ընդունելուց կամ նյութական որևէ փոխհարաբերության մեջ մտնելուց:
3.1.8. Բժշկական գործունեության մեջ նորագույն բժշկական տեխնոլոգիաներն ու մեթոդները, դեղորայքային և այլ միջոցները կիրառեք միայն բժշկական հանրույթի կողմից հավանության արժանանալուց և օրենսդրությամբ թույլտվություն ստանալուց հետո:
3.1.9. Պատասխանատվություն վերցրեք ձեր սեփական առողջության և բարեկեցության համար և ընտրեք ձեր սեփական ընտանեկան բժշկին:
3.2. Գործընկերների հետ հարաբերություններ
3.2.1. Վերաբերվեք գործընկերներին հարգանքով, բարյացակամ և բոլոր միջոցներով պաշտպանեք ձեր մասնագիտության ու բժշկական հանրույթի պատիվն ու բարձրարժեք ավանդույթները:
3.2.2. Անհրաժեշտության և մասնագիտական դժվարությունների դեպքում օգնության ձեռք մեկնեք ձեր գործընկերներին կամ պատշաճ կերպով առաջարկեք ձեր խորհուրդներն ու օժանդակությունը, ինչպես նաև պատրաստ եղեք գործընկերներին և բժշկական հանրույթին անշահախնդիր փոխանցելու ձեր մասնագիտական փորձն ու գիտելիքները՝ ի նպաստ պացիենտի կյանքի և առողջության պահպանմանն ու բարելավմանը:
3.2.3. Հոգ տարեք անառողջ կամ սթրեսային ճնշման ներքո գտնվող գործընկերների մասին: Իմացեք, թե ինչպես և երբ միջամտել, եթե ձեզ անհանգստացնում է գործընկերոջ առողջությունը և միջոցներ ձեռնարկեք, որ նման իրավիճակներում նվազեցնեք պացիենտների և բժիշկների առողջական վտանգները:
3.2.4. Խուսափեք այնպիսի գործողություններից կամ գործարքներից (ինչպես հանրորեն, այնպես էլ պացիենտների և նրանց հարազատների ներկայությամբ), որոնք կարող են անարդարացիորեն վնաս հասցնել գործընկերոջ պատվին ու արժանապատվությանը, կասկածի տակ դնել նրա մասնագիտական որակավորումը կամ ուղղված լինել ձեր գործընկերներից կամ գործընկեր բուժհաստատություններից ձեզ մոտ պացիենտների տեղափոխմանը:
3.2.5. Գործընկերոջ հասցեին մասնագիտական դիտողություններ արեք փաստարկված, բարեկամաբար և նախապես առանձնազրույցեք տարեք նրա հետ՝ մինչև հարցի քննարկումը բժշկական հանրույթի կամ համապատասխան էթիկայի հանձնաժողովի կողմից: Նման գործնական դիտողությունները պետք է ուղղված լինեն միմիայն պացիենտի առողջության և շահերի պաշտպանությանը:
3.2.6. Վերաբերվեք ձեր ենթակայությամբ աշխատող անձանց հարգանքով, հոգատարությամբ և համբերությամբ, ինչպես նաև օժանդակեք և նպաստեք նրանց գիտելիքների և հմտությունների կատարելագործմանը:
3.2.7. Ակտիվորեն մասնակցեք մասնագիտական միությունների աշխատանքներին, պաշտպանեք գործընկերների պատիվն ու արժանապատվությունը և արեք ձեզնից կախված ամեն ինչ բժշկական հանրույթի միավորման համար:
3.2.8. Ձեր ողջ կյանքի ընթացքում պահպանեք ուսուցիչների և բոլոր նրանց նկատմամբ խոր հարգանքն ու երախտագիտությունը, ովքեր սովորեցրել են բժշկելու արվեստը:
3.3. Ուղեգրումներ գործընկերներին
3.3.1. Ընդունեք ձեր մասնագիտական սահմանափակումները և պատրաստ եղեք անհրաժեշտության դեպքում պացիենտին ուղեգրելու համապատասխան մասնագետին կամ բուժհաստատություն:
3.3.2. Ստացեք պացիենտի համար ընդունելի համապատասխան գործընկերոջ կարծիքը, եթե ախտորոշումը կամ բուժումը դժվարացած են կամ պացիենտի ողջամիտ խնդրանքի կամ պահանջի դեպքում:
3.3.3. Պացիենտի իմացությամբ և համաձայնությամբ նրան այլ մասնագետին ուղեգրելիս համոզվեք, որ վերջինիս տրամադրել եք ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը:
3.3.4. Եթե գործընկերոջից ստացել եք խորհրդի կամ կարծիքի խնդրանք, մանրամասն տեղեկացրեք նրան ձեր մասնագիտական դիրքորոշման մասին:
3.4. Բուժօգնության և սպասարկման անձնակազմում այլ բուժաշխատողների հետ հարաբերություններ
3.4.1. Վերաբերվեք այլ բուժաշխատողներին և օժանդակող անձնակազմին հարգանքով և արժանապատվությամբ:
3.4.2. Պացիենտի բուժօգնության և խնամքի անձնակազմի այլ անդամների հետ աշխատեք սերտ համագործակցությամբ՝ ի նպաստ նրա կյանքին և առողջությանը:
3.4.3. Ընդունեք պացիենտի խնամքի և օժանդակության այլ ծառայությունների դերը, այդ թվում՝ թարգմանիչներ, հոգեբաններ, հոգևոր ծառայողներ և այլն:
3.5. Շահերի բախման կառավարում
3.5.1. Համոզվեք, որ ձեր ֆինանսական կամ այլ հետաքրքրությունները երկրորդվում են պացիենտի առողջական կարիքների բավարարման առաջնային պարտականությանը:
3.5.2. Վերադասին ազնվորեն ներկայացրեք ձեր ֆինանսական կամ այլ շահերը, որոնք կարող են ազդել կամ ընկալվել, որ կարող են ազդել պացիենտի բուժման վրա:
3.5.3. Եթե պացիենտին ուղագրում եք որևէ բուժհաստատություն կամ խորհուրդ եք տալիս այնպիսի բուժում, դեղամիջոց կամ բժշկական նշանակության այլ ապրանք, որից ունեք ֆինանսական շահ կամ հետաքրքրություն, տեղեկացրեք այդ մասին պացիենտին և ըստ կարիքի առաջարկեք նաև այլ տարբերակներ:
3.5.4. Եթե աշխատում եք որևէ բուժհաստատությունում կամ կազմակերպությունում, առաջնորդվեք ձեր մասնագիտական պարտականություններով և պահանջներով՝ երկրորդային դարձնելով ձեր կամ տվյալ բուժհաստատության սեփականատերերի ֆինանսատնտեսական կամ այլ ոչ մասնագիտական հետաքրքրություններն ու շահերը:
3.6. Գովազդ
3.6.1. Սահմանափակեք մասնագիտական ծառայությունների գովազդը՝ ներկայացնելով միայն այնպիսի տեղեկատվություն, որն անհրաժեշտ է պացիենտներին կամ գործընկերներին ձեր ծառայությունների մատչելիության և անհրաժեշտության վերաբերյալ իրազեկված որոշում կայացնելու համար:
3.6.2. Համոզվեք, որ պացիենտներին կամ գործընկերներին ուղղված ցանկացած գովազդ հանդիսանում է բոլոր առումներով գիտելիքահեն և հավաստի տեղեկատվություն: Գովազդը չպետք է լինի մոլորեցնող կամ բացասաբար ազդի մասնագիտության վարկանիշի վրա:
3.6.3. Խուսափեք հանրորեն բժշկական ապրանքներ գովազդելուց և զգուշություն դրսևորեք ոչ բժշկական ապրանքների հանրային գովազդի նկատմամբ:
3.6.4. Խուսափեք այնպիսի ապրանքների հետ ձեր անունը կամ մասնագիտությունը հանրորեն կապելուց, որոնք ակնհայտ բացասաբար են անդրադառնում առողջության վրա:
3.7. Բժշկի իրավունքներ
3.7.1. Բժիշկներն ունեն իրենց իրավունքների և շահերի պաշտպանության իրավունք: Աշխատանքային փոխհարաբերություններում, սոցիական ապահովության հարցերում կամ վարչական ու քրեական պատասխանատվության ոլորտենորում բժիշկների իրավունքների պաշտպանությունն իրականացվում է բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպությունների օժանդակությամբ:
4. ԲԺԻՇԿԸ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ
4.1. Հանրության նկատմամբ պատասխանատվություն
4.1.1. Բժշկությունը բիզնես չէ, այլ պրենատալ և պոստնատալ շրջանում մարդու կյանքի և առողջության պաշտպանություն, հիվանդությունների կանխարգելում և առողջության վերականգնում` հիմնված բարձր էթիկական սկզբունքների վրա:
4.1.2. Մասնագիտական հմտություններով, բարոյական համոզմունքներով, ցանկացած իրավիճակում դրսևորած պահվածքով, մարդու նկատմամբ վերաբերմունքով և մասնագիտական պարտականությունների կատարմամբ հանդես եկեք որպես արժանի օրինակ ձեր գործընկերների և հանրության այլ անդամների համար: Հիշեք, որ ձեր գործունեությունն ունի ոչ միայն անձնական, այլև մասնագիտական և հանրային բնույթ:
4.1.3. Մասնակցեք համայնքի և ավելի լայն հանրության առողջությանը նպաստող միջոցառումներին, ինչպիսիք են՝ առողջ ապրելակերպի քարոզչություն, արտաքին միջավայրի պաշտպանություն և այլն:
4.1.4. Երբեք մի զբաղվեք որևէ գործունեությամբ կամ մի դիմեք այնպիսի գործարքների, որոնք հարիր չեն բժիշկի մասնագիտությանը, ձեր գիտական կոչմանը կամ հեղինակությանը:
4.1.5. Հիշեք, որ լիարժեք պատասխանատվություն եք կրում բնակիչների և բժշկական հանրույթի առաջ ձեր գործողությունների կամ անգործության, խորհուրդների և խոսքի համար (այդ թվում՝ հանրորեն):
4.2. Մասնագիտական ինքնուրույնություն և կլինիկական անկախություն
4.2.1. Պահպանեք մասնագիտական ինքնուրույնությունը և կլինիկական անկախությունը՝ ուղղված մասնագիտական որոշումներ կայացնելու և գործողություններ իրականացնելու ազատությանը և անհատների, պաշտոնական մարմինների կամ երրորդ կողմերի անհարկի կամ անհիմն ազդեցությունների զսպմանը: Մասնագիտական որոշումների կայացման վրա որևէ կերպ չպետք է ազդեցություն ունենան նյութական և անձնական օգուտի, կարիերայի կամ սեփական ամբիցիաների բավարարման շարժառիթները։
4.2.2. Հիշեք, որ ախտորոշման և բուժման աճող բազմազանության պայմաններում պարտավոր եք ապահովել առավելագույն հնարավոր արդյունավետ ու անվտանգ բուժօգնություն:
4.2.3. Խուսափեք գործընկերների կամ կազմակերպությունների հետ այնպիսի գործարքներ կնքելուց կամ պայմանավորվածություններից, որոնք, ըստ ձեզ, կարող են խանգարել մասնագիտական ինքնուրունությանը, կլինիկական անկախությանը կամ որպես բժիշկ ձեր գլխավոր պարտականության պատշաճ կատարմանը:
4.2.4. Իմացեք ձեր իրավունքի մասին հրաժարվելու այնպիսի ծառայություններ մատուցելուց, որոնք համարում եք մասնագիտական ոչ էթիկ, բարոյական համոզմունքներին հակասող, վարչական պատճառներով ձեզ պարտադրվող, ապօրինի եկամուտներ հետապնդող կամ պացիենտի շահերին չհամապատասխանող:
4.2.5. Ահազանգեք համապատասխան մարմիններին, եթե ձեր աշխատավայրը կամ միջավայրը չեն համապատասխանում մասնագիտական պարտականությունների պատշաճ կատարմանը, այդ թվում՝ որակյալ և անվտանգ բուժօգնություն մատուցելուն կամ կարող են վտանգ ներկայացնել ձեր կամ պացիենտի կյանքին կամ առողջությանը:
4.2.6. Եթե հիմնավոր կասկած ունեք, որ բուժօգնության որևէ տեսակի իրականացման կամ չիրականացման պատճառով հանրությանը կարող է վնաս հասցվել, 4.2.5 կետում նշված գործընթացից անկախ, խախտումների վերաբերյալ անհապաղ զեկուցեք համապատասխան մարմիններին:
4.3. Բժշկական օգնության և սպասարկման ստանդարտներ, որակ և անվտանգություն
4.3.1. Իմացեք և խստորեն պահպանեք ձեր մասնագիտական գործունեության ոլորտի հետ ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված գործող ստանդարտները, չափորոշիչները, պացիենտի վարման գործելակարգերն ու կլինիկական ուղեցույցներն՝ ըստ ձեր փորձառության և կլինիկական իրավիճակի: Առաջնորդվելով վերոնշյալով՝ օգտագործեք կանխարգելման, ախտորոշման և բուժման այն մոտեցումներն ու մեթոդները, որոնք համարում եք յուրաքանչյուր առանձին վերցրած դեպքի համար ամենաարդյունավետը՝ ի շահ հիվանդի կյանքի, առողջության և բարեկեցության:
4.3.2. Մասնակցեք բժշկական օգնության և սպասարկման ռիսկերի կառավարման, որակի ապահովման և բարելավման միջոցառումներին և շարունակաբար կատարելագործեք ձեր բժշկական գիտելիքներն ու հմտությունները:
4.3.3. Բժշկական սխալի թույլ տրման կամ անկանխատեսելի բարդությունների դեպքում տեղեկացրեք պացիենտին, ավագ գործընկերոջը կամ բաժանմունքի ղեկավարին, իսկ վերջիններիս բացակայության դեպքում՝ հիմնարկի ղեկավարությանը և, չսպասելով նրանց հրահանգներին, անհապաղ միջոցներ ձեռնարկեք բացասական հետևանքների շտկման համար: Նման իրավիճակներում անհրաժեշտության դեպքում ներգրավվեք այլ մասնագետներին և նրանց ազնվորեն տեղեկացրեք թույլ տված սխալի կամ զարգացած բարդության էության մասին:
4.3.4. Առանց հետաձգելու և սահմանված կարգով համապատասխան մարմիններին տեղեկացրեք գործնական կամ գիտական աշխատանքում դիտարկված դեղամիջոցների, բժշկական նշանակության նյութերի, կանխարգելիչ, ախտորոշիչ կամ բուժական մեթոդների անհայտ, անցանկալի կամ կողմնակի ազդեցությունների մասին:
4.3.5. Ակտիվ կերպով հակազդեք համացանցում, տարաբնույթ հանդեսներում կամ ԶԼՄ-ներում շրջանառվող ցանկացած տեսակի ոչ հավաստի տեղեկատվությանը, պսևդոգիտությանը և պսևդոթերապիաներին:
4.3.6. Ընդունեք հանրության նկատմամբ մասնագիտության պատասխանատվության ձեր բաժինն այն հարցերում, որոնք վերաբերվում են բնակչության առողջությանը և անվտանգությանը, առողջապահական կրթությանը և իրազեկությանը, ինչպես նաև համայնքի առողջության վրա ազդող օրենսդրությանը:
4.3.7. Հանրությանը գիտական տեղեկատվություն ներկայացնելիս հաշվի առեք, որ մասնագիտական միտքը կարիք ունի ներկայացվելու բնակչության լայն շերտերին մատչելի ձևով: Եթե ներկայացնում եք մասնավոր կարծիք, որը հակասում է համընդհանուր ընդունված մասնագիտական դրույթներին, անպայման նշեք այդ մասին:
4.4. Ղեկավարում
4.4.1. Ղեկավարումը դարձրեք արդյունավետ՝ ճիշտ կառավարելով մասնագիտական ներուժի օգտագործումը և բժշկական նշանակության և այլ նյութերի ծախսն ու բաշխումը բուժօգնության որակը, ինչպես նաև ապագայում ծառայությունների մատչելիությունն ապահովելու համար:
4.4.2. Օգտագործեք ձեր գիտելիքներն ու հմտությունները՝ օգնելու և ուղղորդելու նրանց, ովքեր պատասխանատու են մասնագիտական ներուժի օգտագործման և առողջապահական միջոցների բաշխման համար և օժանդակելու այդ գործընթացների թափանցիկությունը:
4.5. Բժշկա-իրավական պարտականություններ
4.5.1. Պատասխանատու կերպով լրացրեք, կազմեք կամ ստորագրեք բժշկա-իրավական փաստաթղթերը, ինչպիսիք են՝ բժշկական քարտեր, հիվանդության պատմագրեր, անկախ բժշկական եզրակացություններ, էպիկրիզներ և այլն: Ձեր տրամադրած տեղեկատվությունը պետք է լինի հստակ և անորոշություն չառաջացնող:
4.5.2. Պատասխանատու կերպով վերաբերվեք դատարաններին և այլ մարմիններին օժանդակություն տրամադրելիս՝ ներկայացնելով ճիշտ և լիարժեքորեն հիմնավորված տեղեկատվություն կամ կարծիք:
4.5.3. Համոզվեք, որ պացիենտը հասկանում է բուժօգնության հետ կապված ձեր բժշկա-իրավական դերը և պարտականությունները:
4.6. Արդարությունն առողջապահության ոլորտում և մարդու իրավունքներ
4.6.1. Ձգտեք բարելավել բուժօգնության ստանդարտները, որակը և համայնքի համար մատչելիությունը:
4.6.2. Բուժօգնություն ցուցաբերեք առանց խտրականության որևէ դրսևորման ըստ տարիքի, ախտորոշման կամ հաշմանդամության, դավանանքի, կրոնի, էթնիկ ծագման, սեռի, ազգության, քաղաքական հայացքների, ռասայի, սեռական կողմնորոշման, քրեական անցյալի, սոցիալական դրության և որևէ այլ համանման հատկանիշի: Բարեխիղճ կերպով իրականացրեք յուրաքանչյուր պացիենտի կանխարգելիչ, ախտորոշիչ կամ բուժական միջոցառումների տվյալ դեպքում առկա ողջ համալիրը՝ անկախ որևէ բժշկական կամ ոչ բժշկական հատկանիշների:
4.6.3. Կտրուկ հրաժարվեք, կանխարգելեք և անհապաղ զեկուցեք համապատասխան մարմիններին խոշտանգում, վատ կամ անմարդկային վերաբերմունք կամ մարդու արժանապատվությունը նսեմացնող այլ անթույլատրելի որևէ դրսևորում պարունակող ցանկացած միջամտության կամ իրավիճակի հետ առնչվելիս կամ կասկածելիս։
2004-2022 © Հայկական բժշկական ասոցիացիա