Սույն թվականի ապրիլի 19-20-ը Հայկական Բժշկական Ասոցիացիան հյուրընկալեց Բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար կազմի խորհրդակցություն, որին մասնակցելու են ավելի քան 30 երկրների ազգային բժշկական ասոցիացիաների նախագահները և ներկայացուցիչները:
Մասնակիցների թվում էին Համաշխարհային բժշկական ասոցիացիայի գլխավոր քարտուղար պրոֆ. Օտմար Կլոյբերը (Գերմանիա), Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի ստորաբաժանումների ղեկավարները, Բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի նախագահ Լիա Վապները (Իզրայել), Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ղեկավար, աշխարհում առաջին բժիշկ-տիեզերագնաց պրոֆ. Օլեգ Ատկովը և այլ հեղինակավոր անձիք:
Նման խորհրդակցությունները տեղի են ունենում տարին մեկ անգամ համապատասխան մրցույթով հաղթած երկրում: Հայկական բժշկական ասոցիացիայի նախաձեռնությամբ և հետևողական աշխատանքների շնորհիվ Երևանում առաջին անգամ անցկացվեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Ազգային բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի` ԲԱԵՖ եռօրյա համատեղ վեհաժողովը: Այդ որոշման կայացման հարցում նպաստեց այն, որ Հայկական բժշկական ասոցիացիան հանդիսանում է Բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի լիիրավ անդամ իսկ Ասոցիացիայի նախագահը՝ Պարունակ Զելվեյանը 2006 թվականին ընտրվել է վերջինիս գործադիր մարմնի անդամ:
ԲԱԵՖ-ն ունի կարևոր դեր Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Ազգային բժշկական ասոցիացիաների միջև արդյունավետ երկխոսության ու համագործակցության ապահովման համար, և այն տարեցտարի ավելի է կարևոր և վճռորոշ դերակատարություն ունի Եվրոպայում առողջության պահպանման և առողջապահության կազմակերպման նոր մոդելների ներդրման և մատուցվող ծառայությունների որակի բարձրացման գործում: ԲԱԵՖ-ի աշխատանքում կարևորվում է ԱՀԿ և Ազգային բժշկական ասոցիացիաների միջև ակտիվ գաղափարական կապը, ինչը հնարավոր է դարձնում առողջապահական համապատասխան տեսակետների և մոտեցումների արագ և արդյունավետ ինտեգրումը մասնակից երկրներում:
Միջոցառման բացման արարողությունը տեղի ունեցավ, «Մարիոտ Արմենիա» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում, որտեղ բացման խոսքով հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Միջոցառման մասնակիցներին ողջունելուց հետո նախարարը հայտնեց, եվրոպական տարածաշրջանում բժշկական խնդիրները կարող են ակնհայտորեն բարելավվել առողջապահական քաղաքականության սկզբունքների ձևավորմամբ և երկրների առողջապահական համակարգերի առջև ծառացած խնդիրների միահամուռ ուժերով հաղթահարման ճանապարհով:
ԲԱԵՖ նախագահ Լիա Վապները նշեց, որ ընթացիկ տարում յուրաքանչյուր երկիր իր մտահոգություններն ու տեսակետներն է արտահայտում առողջապահության համակարգի վրա տնտեսական ճգնաժամի ազդեցության խնդիրների շուրջ: «Ազգաբնակչությունը ճգնաժամի ժամանակ ավելի շատ խնդիրներ է ունենում, և այդ առումով, առավելապես պետք է անդրադառնալ հանրային առողջապահության հարցերին և առողջապահական քաղաքականությանը»,- ընդգծեց Լիա Վապները:
Վեհաժողովում քննարկվեցին առողջապահության զարգացման և հեռանկարային ծրագրերի իրականացման կարևոր հարցեր, վերանայվեցին նորագույն խնդիրների նորատիպ լուծման քաղաքական ուղղությունները, որոնք ծառայելու են եվրոպական տարածաշրջանի նոր քաղաքականության` «Առողջություն 2020»-ի իրագործմանը:
Վեհաժողովի ծրագիրը ներառում էր առողջապահության կազմակերպման և քաղաքականության այնպիսի մոդելների քննարկումը, ինչպիսիք են`
- տնտեսական ճգնաժամը և առողջությունը
- առողջապահության սոցիալական որոշիչ գործոնները
- ԱՀԿ 2020թ. ռազմավարությունը
- ալկոհոլը և առողջությունը
- հակածխախոտային քաղաքականությունը
- Ազգային բժշկական ասոցիացիաների դերակատարման բարձրացման հարցերը
- Բժշկական էթիկայի ներդրման և պահպանման մի շարք անկյունաքարային հարցեր
- Բուժ. աշխատողների շահերի պաշտպանությանն ուղղված մոտեցումները
Վեհաժողովի ընթացքում քննարկվեց նաև միջազգային առողջապահական ծրագրերին Հայաստանի Հանրապետության հնարավոր մասնակցության և ներգրավվման մի շարք հարցեր:
ԲԱԵՖ եռօրյա ակտիվ աշխատանքների արդյունքում առաջարկվեցին և ընդունվեցին մի շարք կարևոր որոշումներ, փաստաթղթեր և հուշագրեր, որոնք արդեն տարածվել են Բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի, Ազգային ասոցիացիաների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկատվական միջոցներով:
«Հայաստանում այս խոշոր միջոցառման անցկացումը կարևոր իրադարձություն և մեծ ձեռքբերում է մեր իրականության համար»,- իր ելույթում նշեց ՀԲԱ նախագահ Պարունակ Զելվեյանը: Վեհաժողովի փակման խոսքում դրական գնահատվեց բոլոր մասնակիցների պատրաստակամ աշխատանքը: Բարձր գնահատվեց նաև ՀԲԱ-ի իրականացրած աշխատանքը Երևանում վեհաժողովի կազմակերպման և հավուր պատշաճի անցկացման գործում:
Այդ օրերին անցկացվեց նաև մշակույթային հագեցած ծրագիր, որի ընթացքում հյուրերն հնարավորություն ունեցան ծանոթանալ մեր հարուստ մշակույթին, այցելել Երևանի պատմության թանգարան, Հայաստանի ազգային պատկերասրահ, Մատենադարան և ժամանակակից արվեստի թանգարան:
2004-2022 © Հայկական բժշկական ասոցիացիա