09.09.2021 կայացավ Հայկական բժշկական ասոցիացիայի (ՀԲԱ) Խորհրդի և Գործադիր Վարչության համատեղ նիստ, որին հրավիրված էին և մասնակցեցին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, նախարարի խորհրդական Շանթ Շեխերդիմյանը, Առողջապահության տնտեսագետների ասոցիացիայի նախագահ Սամվել Խարազյանը և «Հավերժ» ՀԿ նախագահ Կարինե Մուրադյանը։
ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանը շնորհակալություն հայտնելով մասնակցության համար, հակիրճ ներկայացրեց ասոցիացիայի աշխատանքի հիմնական սկզբունքները և ՀԲԱ կողմից պատրաստակամություն հայտնեց համագործության առողջապահության ոլորտում նախատեսվող ծրագրերի իրականացման գործում։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը իր ելույթում ներկայացրեց առողջապահության նախարարության և Հայկական բժշկական ասոցիացիայի համագործակցության հնարավոր ուղղությունները։
Շահագրգիռ քննարկման արդյունքում հստակեցվեցին համագործակցության ոլորտները և որոշվեց որպես համագործակցության սկիզբ փոխըմբռնման հուշագիր ստորագրել ՀՀ առողջապահության նախարարության և Հայկական բժշկական ասոցիացիայի միջև։
Հատված ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի ելույթից
Հայաստանի Հանրապետությունում Հայկական բժշկական ասոցիացիան միակ կառույցն է, որը ներկայացնում է մասնագիտական ասոցիացիաների հավաքական կամքը և միայն Հայկական բժշկական ասոցիացիան է, որ լեգիտիմ իրավունք ունի խոսել բժշկական հանրության կողմից: Իհարկե ասոցիացիան դեռ նոր է այս որակով սկսում դրսևորվել և չափազանց շատ կազմակերպական անելիքներ կան, որոնք մենք հետևողականորեն կփորձենք անել: Եվ այդ գործում խիստ կարևորում ենք
- ընտրված նախագահի ինստիտուտի ներդրումը, երբ նախագահը երկու տարին մեկ փոփոխվում է կանոնադրության ուժով
- Համագումարների միջև ընկած ժամանակահատվածում Հայկական բժշկական սոցիացիայի բարձրագույն մարմինը՝ անդամ ասոցիացիաների նախագահներից կազմված Խորհրդը ամրագրելը, և
- ցանկացած անձնական, քաղաքական և այլ հավակնությունների այս շրջանակում ստորադասվելը ասոցիացիայի կանոնադրական նպատակներին:
Այսինքն ցանկացած մարդ ազատ է իր անձնական, քաղաքական և այլ հավակնությունները բավարարել ասոցիացիայի գործունեության շրջանակներից դուրս, իսկ այստեղ բոլորս գործընկերներ, համախոհներ և ընկերներ ենք:
2004-2022 © Հայկական բժշկական ասոցիացիա