Omnium profecto artium medicina nobilissima
Œuvres d'Hippocrate
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
23-02-2022
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց Առողջության համապարփակ ծածկույթի գաղափարը։

Կառավարությունն ու առողջապահության նախարարությունը նույնպես մեծ ջանքեր ներդրեցին` համապարփակ առողջական ապահովագրության գաղափարն իրականություն դարձնելու: 2020-ին, սակայն, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, այդ աշխատանքները գործնականում մղվեցին երկրոդ պլան: Այս տարի՝ 2022-ի հունվարին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվեց համապարփակ ապահովագրության գաղափարն ու հայեցակարգը դրվեց շրջանառությաան մեջ, հերթը հասավ բժշկական հանրության հետ ակտիվ համագործակցությանը: Պետք է քննարկվեն, առողջապահության նախարարությանը ներկայացվեն բժշկական հանրության առաջարկներ, մոտեցումներ` միտված համապարփակ ապահովագրության ծրագրի ստեղծմանը:

Պարզելու, թե ի՞նչ է համապարփակ ապահովագրությունը, և ինչ է դա տալու հանրությանը, զրուցեցինք Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանի հետ:

Պարոն Սողոյան, ի՞նչ ասել է առողջապահության համապարփակ ապահովագրություն:

Ներկայում ամբողջ հասարակության համար կարևորագույն մարտահրավեր է առողջապահական համակարգի հասանելիությունն ու մատչելիությունը ապահովելը: Ապահովագրական համակարգի ներդրումը նպատակ ունի լուծել հասանելի բժշկության խնդիրը: Այսօր Հայաստանում պետական միջոցներով բժշկական ծառայություններից կարող են օգտվել խոցելի սոցիալական խմբերը՝ գործող ծրագրերի շրջանակներում կամ որոշ հիվանդությունների ցանկի շահառու լինելու դեպքում: Մյուս բոլոր դեպքերոմ աշխատող և նշված խմբերում չներառված քաղաքացիները խնդիր ունեն ինքնուրույն լուծել իրենց առողջական խնդիրները:

Ստացիոնար ամենապարզ բուժումները մի քանի հարյուր հազարներից են սկսում և միլիոնների կարող են հասնել: Հասարակության ճնշող մեծամասնությունը չունի ֆինանսական բավարար միջոցներ, որ անհրաժեշտ բուժօգնության կարիքի դեպքում վճարունակ լինի: Համակարգի ներդրումը կլուծի այս խնդիրները: Յուրաքանչյուր ամիս աշխատավարձից ապահովագրության համար որոշ գումար հատկացնելով` քաղաքացին կկարողանա ապահովել իր առողջությունը:

Այն ընկերությունը կամ հիմնադրամը, որը կզբաղվի համապարփակ ապահովագրության ֆինանսավորմամբ, իր հերթին շահագռգռված կլինի մարդկանց առողջ պահել, պարբերար հետազոտությունների միջոցով ժամանակին բացահայտել և կանխարգելել հիվանդությունների զարգացումն ու բարդությունները, որպեսզի ստիպված չլինի մեծ գումարներ հատկացնել: Այսպիսով, ո՛չ միայն քաղաքացին է մտածում իր առողջության մասին, այլ դրանում շահագռգռված է նաև կազմակերպությունը:

Շատ կարևոր է ենթակառուցվածքները ճիշտ զարգացնել. թվային տեխնոլոգիաներ, նոր մեխանիզմներ չներդրվելու, համակարգային փոփոխություններ չանելու դեպքում չենք կարողանա ստանալ այն արդյունքը, որին ձգտում ենք հասնել:

Համակարգի կարևոր օղակը բժիշկներներն են: Ինչպե՞ս է կազմակերպվելու նրանց հետ աշխատանքը, որ ապահովագրության այս կարևորագույն օղակը ճիշտ գործի:

Շատ ճիշտ դիտարկում է: Բժիշկը պետք է լինի համակարգի կենտրոնում, որպես հիմնական բարիք ստեղծող և համակարգի մյուս բոլոր մասնագետներն ու աշխատողները պետք է պայման ապահովեն բժշկի արդյունավետ և որակյալ աշխատանքի համար: Եթե առողջապահական համապարփակ ապահովագրության փաթեթի քննարկման ընթացքում հաշվի չառնվեն բիժիշկների շահերը, ցանկալի արդյունք չի գրանցվի: Առողջապահական համակարգում բժշկի դերը վերանայվում է: Կորոնավիրուսային համավարակի, պատերազմի ժամանակ մարդիկ սկսեցին հասկանալ ու գնահատել բժշկի դերն ու կարևորությունը. շենքային պայմանները, սարքերի առկայությունը խնդիր չէ, խնդիրը որակյալ կադրն է:

Պետությունը պետք է կարևորի որակյալ մասնագետի դերը, և ծրագրում այդ կարևորությունն իր ֆինանսական արտացոլումը պետք է գտնի: Պետպատվերի և վճարովի համակարգերում որոշ տեղերում բժիշկները ստանում են ստվերային գումարներ, քանի որ սահմանված աշխատավարձը նրանց չի բավարարում: Նոր համակարգը պետք է վերջ դնի կամ գոնե նվազագույնի հասցնի ստվերային դրամաշրջանառությունը:

Բժիշկը պետք է ստանա բավականաչափ աշխատավարձ՝ արժանավայել ապրելու համար: Եթե հիմա այս հարցերը ճիշտ և ըստ կարևորության չկարգավորվի, դա կհանգեցնի խնդիրների, որոնք կխաթարեն համակարգի նպատակային աշխատանքը:

Բժիշկները պաշտպանված չեն, չկան սահմանված որակավորման նորմեր, որոնք ճիշտ կգնահատեն բժշկի գործելակերպը: Պետք է մեխանիզմներ մշակվեն, որոնք թույլ կտան իրականացնել բժշկի որակավորում, կատարած աշխատանքի գնահատում և ըստ այդ գնահատականի, ինչու ոչ` ձևավորվի բժշկի աշխատավարձը:

Եթե որակ ենք ուզում, պետք է համապատասխան ֆինանսական ներդրում լինի: Չի կարող բժիշկը ստանալ 120-200 հազար դրամ ու մատուցել որակյալ ծառայություն: Նվիրյալներ, ինչ խոսք, կան, բայց չի կարելի հույսը դնել միայն նրանց վրա: Մարդիկ պետք է շահագրգռված լինեն լավ աշխատել, անմիջականորեն զգան, որ իրենց մատուցած որակյալ ծառայությունից է կախված իրենց աշխատավարձը: Այդ կերպ բժիշկները մոտիվացված կլինեն է՛լ ավելի լավ ծառայություն մատուցել: Մասնավոր օղակներում լավ մասագետները կարող են ստանալ մինչև մի քանի միլիոն դրամ, բայց նույնը չենք կարող ասել պետական ոլորտում աշխատող բժիշկների մասին: Բժիշկներին գնահատանքը պետք է իր ֆինանսական արտացոլումը գտնի այս ծրագրում, չէ՞ որ այս մեխանիզմում կարևորագույն օղակը նրանք են:

Ո՞ր բուժհաստատությունները, լաբարատորիաներն ու պոլիկլինիկաները կարող են միանալ առողջապահական համապարփակ ապահովագրությանը: Նախատեսվո՞ւմ է ինչ-որ կարգ սահմանել:

Հստակ ասել չեմ կարող, քանի որ դեռ քննարկումների փուլում ենք, ու հստակ որևէ մեխանիզմ չկա: Ըստ իս, պետք է չափորոշիչներ սահմանվեն, որոնց համապատասխանի լիցենզավորված բուժհաստատությունը և ստանա համագործակցելու իրավունք:

Ամփոփելով` մեկ անգամ ևս հստակեցնենք, թե ի՞նչ կտա քաղաքացուն առողջապահական ապահովագրությունը:

Առաջին: Համակարգի ներդրման արդյունքում քաղաքացին յուրաքանչյուր ամիս որոշ գումար կվճարի իր առողջության ապահովագրության համար, և այդ կերպ իրեն կապահովագրի ֆինանսական բեռից ու դրանից բխող խնդիրներից` բուժօգնության կարիքի դեպքում:

Երկրորդ: Ապահովագրությունը ֆինանսավորող կազմակերպությունը շահագռգռված կլինի քաղաքացու առողջության պահպանմամբ ու հիվանդությունների կանխարգելմամբ. այդ կերպ կազմակերպությունը գումարներ կխանայի: Եթե անգամ քաղաքացին բարձիթողի վիճակում թողնի իր կանխարգելիչ ստուգումները, կազմակերպությունը գործառույթ կունենա, հիշեցնելու, փափուկ պարտադրանքի մեխանիզմներով ստիպելու, որ նա հետևի իր առողջությանը:

Երորրդ: Մասնագետների ճիշտ մոտիվացման դեպքում առողջապահական նոր որակ կստանանք:

Այս ծրագրի ճիշտ կազմակերպումը կապահովի որակյալ համապարփակ առողջապահական ապահովագրության ստեղծումը և այն կգործի հավուր պատշաճի:

Սկզբնաղբյուր. med-practic.com

2004-2022 © Հայկական բժշկական ասոցիացիա

ՀԲԱ մեդիա-կենտրոն

close
Պատասխանատու՝ Վահե Տեր-Մինասյան
էլ. փոստ՝
Հեռախոսահամար
Վեր