Omnium profecto artium medicina nobilissima
Œuvres d'Hippocrate
ՀԲԱ կոչը բժիշկներին և բուժաշխատողներին
23-09-2021
ՀԲԱ կոչը բժիշկներին և բուժաշխատողներին
​Հարգելի գործընկերներ, Աշխարհի բազմաթիվ, այդ թվում՝ մեր երկրում COVID-19 համավարակի վերջին ամիսներին գրանցվող նոր բռնկման և նույն վարակի դեմ անվտանգ ու արդյունավետ պատվաստանյութերի առկայության պայմաններում, Հայկական բժշկական ասոցիացիան բոլոր բուժաշխատողներին հորդորում է առանց հետաձգելու պատվաստվել COVID-19-ի դեմ, իսկ բժշկական կազմակերպությունների ղեկավարներին՝ ակտիվ կերպով աջակցել և խրախուսել աշխատակիցների համընդհանուր պատվաստման գործընթացներին:

Մեր խորին համոզմամբ, COVID-19-ի դեմ պատվաստման արշավին սեփական օրինակով մասնակցելը և պացիենտներին պատվաստման վերաբերյալ ճիշտ տեղեկատվություն տրամադրելը բուժաշխատողների մասնագիտական և էթիկական պարտականությունների տրամաբանական կատարումն է:

Հայաստանում COVID-19 վիրուսի խիստ վարակիչ տարբերակների, այդ թվում՝ Դելտա տարբերակի տարածման և չպատվաստված անձանց մեծ թվաքանակի պայմաններում վերջին ամիսներին Հայաստանում գրանցվում է COVID-19-ի նոր կամ կրկնակի դեպքերի, հոսպիտալացման և մահացության ցուցանիշների անկանխատեսելի հետևանքներով կայուն աճ: COVID-19-ի դեմ պատվաստումը համարվում է համավարակը զսպելու և հնարավոր նոր տարածումն ու դրա հետևանքները դիմագրավելու, ինչպես նաև հանրային առողջապահության կտրուկ միջոցներին վերադառնալուց խուսափելու թիվ մեկ ապացուցված միջոց, քանի որ շատ բարձր արդյունավետությամբ կանխարգելում է հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը, կրճատում է հոսպիտալացումն ու նվազեցնում առողջապահական համակարգի բեռը:

Հայտնի փաստ է, որ աշխատանքի բնույթից ելնելով բուժաշխատողները ենթարկվում են ծանր, երբեմն՝ մահացու ելքով հիվանդությունների ռիսկին։ Եթե նրանք աշխատում են անմիջականորեն պացիենտների կամ վարակի տարածման առումով վտանգավոր կենսանմուշների հետ, համապատասխան պատվաստանյութերը կարող են օգնել դրանցով կանխարգելելի հիվանդություններով վարակվելու հավանականության կտրուկ նվազեցմանը: COVID-19-ի դեմ պատվաստված բժիշկների թիվը ԱՄՆ-ում կազմում է 96% (ըստ Ամերիկյան բժշկական ասոցիացիայի), Իտալիայում 97% և այլն:

Մենք կոչ են անում ԲՈԼՈՐ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ԵՎ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ առանց հետաձգելու պատվաստվել COVID-19-ի դեմ:

Մտահոգիչ և առնվազն տարօրինակ է նաև, որ ամենահայտնի ու հեղինակավոր կազմակերպությունների (Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO), ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման կենտրոնի (CDC) և բազմաթիվ այլ համաշխարհային ու տարածաշրջանային կազմակերպությունների) կողմից հրապարակված տվյալները անտեսնվում են մեր որոշ, թեկուզև խիստ սահմանափակ թվով գործընկերների կողմից, ովքեր տուրք տալով տարբեր տեսակի ազդեցությունների՝ ապակողմնորոշում իրենց վստահող քաղաքացիներին:
Դատապարտելի ենք համարում նման գործելաոճը և հույս հայտնում, որ մեր բոլոր գործընկերները հավատարիմ կմնան մասնագիտական կոչմանը:


ՀԲԱ Խորհուրդ

ՀԲԱ Գործադիր վարչություն

2004-2022 © Հայկական բժշկական ասոցիացիա

ՀԲԱ մեդիա-կենտրոն

close
Պատասխանատու՝ Վահե Տեր-Մինասյան
էլ. փոստ՝
Հեռախոսահամար
Վեր