Հարգելի՛ գործընկերներ,
2001 թվականի դեկտեմբերի 5-ից Հայաստանի Հանրապետությունում հունիսի 21-ը նշվում է որպես բուժաշխատողի օր։ Այս տարի բուժաշխատողի մասնագիտական տոնը լի է աննախադեպ մարտահրավերներով` ոչ միայն բուժաշխատողների, այլ` ամբողջ բնակչության համար, ոչ միայն Հայաստանի, այլ` ամբողջ Երկիր մոլորակի համար։ Եվ, ինչպես միշտ, ամենադժվար պահերին են կարևորվում իրական արժեքներն ու մարդկային լավագույն որակները, առավել ակնհայտ դառնում տասնամյակներ շարունակ խորացած համակարգային խնդիրները և, սեփական առողջությունն ու կյանքը մասնագիտական պարտքին ստորադասելով, դրանք լուծելուն պատրաստ մերօրյա հերոսները։
Այսօր, կոչմանը հավատարիմ, մենք շարունակում ենք կատարել մեր մասնագիտական գործը և օգնում բոլորին և յուրաքանչյուրին՝ անկախ ախտորոշումից, կարգավիճակից, ազգությունից, կրոնական, քաղաքական և այլ պատկանելությունից։ Մենք առաջին գծում ենք, քանի որ բժշկությունը ոչ այլ ինչ է, քան դիմացինին օգնելը, օժանդակելը, ապրումակցելը, խնամելը և մոմի պես այրվելով՝ շրջապատը լուսավորելը: Եվ մենք կազմել ենք միասնական ճակատ՝ ընդդեմ մոլեգնող համավարակի: Հարյուրավոր և հազարավոր բժիշկներ, բուժքույրեր, ապագա բժիշկներ, ապագա բուժքույրեր, կամավորներ՝ սա ձեր ապագա հաղթանակի՛ տոնն է:
Մեզնից շատերի համար շաբաթներ շարունակ ընտանիքի հետ շփումը միայն վիրտուալ տիրույթում է: Մեզնից շատերի օրգանիզմն արդեն «անձամբ է ծանոթ նոր կորոնավիրուսին»: Մենք մի կողմ ենք դրել մեր անձնական խնդիրները, երբեմն՝ անհիմն և թյուր քննադատությունները և լծվել 24/7 աշխատանքի: Ահա այսպիսի բարդ, գերլարված, փորձություններով և անորոշություններով լի, հիրավի մարտահրավերային, սակայն միևնույն ժամանակ՝ բժշկագիտորեն հետաքրքիր իրավիճակում ենք այսօր նշում մեր մասնագիտական տոնը։
Սիրելի՛ գործընկերներ,
Հայկական բժշկական ասոցիացիայի գործադիր վարչության անունից շնորհավորում եմ բուժաշխատողի օրվա առթիվ և մաղթում քաջառողջություն, երջանկություն և ամուր կամք, ձեր ընտանիքներին՝ խաղաղություն, սեր և բարեկեցություն, աշխատանքում՝ շարունակական զարգացում, նորանոր մասնագիտական ձեռքբերումներ և շուտափույթ հաղթանակ այս յուրօրինակ պատերազմում։
Արմեն Սողոյան,
Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ
2004-2022 © Հայկական բժշկական ասոցիացիա