1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. «Հայկական բժշկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (հետագայում` Ասոցիացիա) կամավոր, անկախ, նյութական շահեր չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որ ստեղծված է և գործում է ՀՀ Սահմանադրության, գործող օրենսդրության և սույն կանոնադրության դրույթների հիման վրա` առաջնորդվելով օրինականության, իրավահավասարության, հրապարակայնության, անդամների կամավորության, խղճի և արդարամտության սկզբունքներով:
1.2. Ասոցիացիան գործում է ՀՀ տարածքում և օտարերկրյա պետություններում, այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
1.3. Ասոցիացիան կարող է համագործակցել հասարակական միությունների և կազմակերպությունների, պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, հիմնադրամների, անհատների և այլոց հետ:
1.4. Ասոցիացիայի գտնվելու վայրն է. ՀՀ, ք.Երևան, 375002/ Թումանյան փ, 38 շենք, բն. 9, հեռ..534863, 535868:
1.5. Ասոցիացիայի անունը.
հայերեն` «Հայկական բժշկական ասոցիացիա» հասարակական կազմակերպություն,
անգլերեն` "Armenian Medical Association" Non-Governmental Organization.
1.6. Ասոցիացիայի խորհրդանիշը` հավերժության խորհրդանշանի ֆոնի վրա տեղադրված է ջահ, որի կրակը գունազարդված է Հայաստանի Պետական Դրոշի գույներով: Ջահի շուրջբոլորը տեղադրված են բժշկության խորհրդանիշեր` երկու օձ: Շրջանակի մեջ գրված են Ասոցիացիայի անվան հայերեն և անգլերեն տարբերակները:
2. ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
2.1. Ասոցիացիայի հիմնական նպատակներն են` իր գործունեությամբ նպաստել բժշկագիտության և գործնական բժշկության զարգացմանը, Հայաստանում արդի չափանիշներին համապատասխան առողջապահական համակարգի կայացմանը և քաղաքացիական հասարակության ձևավորմանը:
2.2. Սույն նպատակների սահմաններում Ասոցիացիան առաջնահերթ խնդիրներ է դնում.
- աջակցել հետդիպլոմային շարունական կրթությանը Հայաստանում
- կազմակերպել բժշկական և բժշկա-կենսաբանական գիտական հետազոտություններ
- նպաստել նորագույն բժշկական տեխնոլոգիաների, մոտեցումների ներդրմանը Հայաստանում
- համագործակցել Հայաստանի և արտերկրի բժշկական կազմակերպությունների հետ
- աջակցել և գործուն մասնակցություն ունենալ առողջապահական համակարգում ընթացող բարեփոխումներին և գործընթացներին
- աջակցել քաղաքացիական հասարակության ձևավորմանն ուղղված իրակնացվող միջոցառումներին
- պաշտպանել իր անդամների իրավունքներն ու շահերը
2.3. Առաջնահերթ խնդիրների լուծման ապահովման նպատակով Ասոցիացիան իրականացնում է բազմաբնույթ տեսական և գործնական միջոցառումներ, համակարգային վերլուծություններ, սոցիոլոգիական հարցումներ, քննարկումներ, գիտական սեմինարներ, ուսուցողական դասընթացներ, խորհրդատվություն, գիտաժողովներ, դրանց արդյունքների ամփոփմանը, քննարկմանն ու հրապարակայնության ապահովմանն ուղղված տեղեկատվական, թարգմանչական, հրատարակչական և այլ բնույթի աշխատանքներ և այլն:
3. ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ
3.1. Ասոցիացիայի անդամ կարող է լինել բժշկական և բժշկա-կենսաբանական կրթություն ունեցող կամ ուսումնառության մեջ գտնվող 18 տարին լրացած յուրաքանչյուր անձ` անկախ սեռից, ազգությունից, կրոնական դավանանքից և քաղաքական համոզմունքներից, որն ընդունում է սույն կանոնադրությունը և մուծում անդամավճարը:
3.2. Ասոցիացիայի անդամ է համարվում նախագահի անունով դիմում ներկայացրած այն քաղաքացին, որի օգտին Գործադիր վարչությունը դրական որոշում է կայացնում:
3.2. ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ
3.2.1. Ասոցիացիայի շարքային անդամ: Կարող է լինել բժշկական և բժշկա-կենսաբանական կրթություն ստացած մինչև 65 տարեկան ցանկացած անձ:
3.2.2. Ասոցիացիայի ուսումնառող անդամ: Այս կատեգորիայի անդամ կարող են լինել բժշկական և բժշկա-կենսաբանական կրթական պրոցեսի մեջ գտնվող անձիք:
3.2.3. Ասոցիացիայի տարեց անդամ: Այս կատեգորիայի անդամ կարող են դառնալ 65 տարեկանից բարձր անձիք կամ թոշակառուներ:
3.2.4. Ասոցիացիայի վաստակավոր անդամ: Անդամության այս կատեգորիան շնորհվում է գիտական, կրթական և մասնագիտական մեծ ավանդ ունեցող անհատներին:
3.2.5. Ասոցիացիայի պատվավոր անդամ: Այս կատեգորիան շնորհվում է Հայաստանում գիտական, կրթական և հասարակական մեծ ներդրում ունեցող և միջազգային ճանաչում ունեցող անհատներին:
3.2.6. Անդամության կատեգորիաներում անդամների առաջադրման և հաստատման կանոնանակարգը հաստատվում է Գործադիր վարչության կողմից:
3.3. ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄԸ ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ Է
3.3.1. Պահպանել Ասոցիացիայի կանոնադրային դրույթները և կատարել որոշումները:
3.3.2. Ցուցաբերել հնարավոր աջակցություն Ասոցիացիայի գործունեությանը:
3.3.3. Ժամանակին մուծել անդամավճարը:
3.3.4. Բարձր պահել Ասոցիացիայի հեղինակությունը:
3.4. ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ
3.4.1. Ընտրվել նրա ղեկավար մարմիններում, բացառությամբ Ասոցիացիայի ուսումնառող և տարեց անդամների:
3.4.2. Ընտրել նրա ղեկավար մարմիններին:
3.4.3. Խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել Ասոցիացիայի բոլոր մարմինների նիստերին, անկախ իր այդ մարմիններում ներգրավվածությունից:
3.4.4. Ըստ մասնագիտության ընդգրկվել համապատասխան սեկցիայում:
3.4.5. Դիմել առաջարկություններով, դիմումներով և հարցումներով Ասոցիացիայի ղեկավար մարմիններին:
3.4.6. Ասոցիացիայի ղեկավար մարմինների որոշումների հետ իր անհամաձայնության դեպքում բողոքարկել դրանք Վերստուգիչ հանձնաժողով և ստանալ պատասխան 5 աշխատանքային օրերի ընթացքում:
3.4.7. Իր անդամության կասեցման մասին որոշումները բողոքարկել Վերստուգիչ հանձնաժողով և պատասխան ստանալ 5 աշխատանքային օրերի ընթացքում:
3.4.8. Ազատ դուրս գալ Ասոցիացիայի անդամակցությունից, այդ մասին տեղյակ պահելով Ասոցիացիայի ղեկավարությանը:
3.5. Տվյալ կանոնադրության խախտման, հակաիրավական արարքների համար Ասոցիացիայի անդամը ենթակա է հեռացման: Հեռացման հարցը որոշվում է Համագումարում Նախագահի ներկայացմամբ: Նախքան Համագումարը ործադիր վարչությունն իրավունք ունի կասեցնել տվյալ անդամի անդամությունը Ասոցիացիայում:
3.6. Կասեցման բողոքարկման հարցը Վերստուգիչ հանձնաժողովը 5 օրվա ժամկետում քննում է և իր եզրակացությունները ներկայացնում Նախագահին և անհրաժեշտության դեպքում Համագումարին:
3.7. Ասոցիացիան կարող է շնորհել Ասոցիացիայի պատվավոր անդամի կոչումª հասարակական, բարեգործական, գիտական կամ այլ գործունեության համար:
3.8. Ասոցիացիան պատասխանատու չէ իր անդամների գործունեության համար, անդամները պատասխանատու չեն Ասոցիացիայի գործունեության համար:
4. ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՍԵԿՑԻԱՆԵՐԸ
4.1. Ասոցիացիան կարող է ունենալ առանձնացված ստորաբաժանումներ և մասնաճյուղեր, ներկայացուցչություններ ինչպես Հայաստանում, այդ թվում նաև օտարերկրյա պետություններումª այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
4.2. Առանձնացված ստորաբաժանումները ստեղծվում են թվով 7-ից ոչ պակաս անդամների առկայության դեպքում` ըստ ՀՀ վարչատարածքային բաժանման սկզբունքի, ինչպես նաև ըստ երկրների կամ տարածաշրջանի:
4.3. Ասոցիացիայի առանձնացված ստորաբաժանումների կանոնակարգը և աշխատակարգը հաստատվում է Ասոցիացիայի Գործադիր վարչության կողմից:
4.4. Ասոցիացիայի կազմում գործում են գիտական Սեկցիաներ, որոնք կազմվում են միևնույն կամ հարակից մասնագիտություն ունեցող 10 անդամներից, յուրաքանչյուր անդամ կարող է ընդգրկվել մեկ սեկցիայում:
4.5. Սեկցիաները գործում են համաձայն իտական խորհրդի կողմից հաստատված կանոնակարգի:
4.6. Սեկցիաները իրենց ժողովում 2 տարի ժամկետով ընտրում են սեկցիայի նախագահ, որը ասոցիացիայի Նախագահի կողմից ներկայացվելուց և իտական խորհրդի կողմից հաստատվելուց հետո համարվում է իտական խորհրդի անդամ:
4.6.1. Մինչև գիտական խորհրդի լիարժեք ձևավորումը, կամ նվազագույնը 7 անդամի առկայությունը սեկցիայի նախագահները համարվում են գիտական խորհրդի անդամ` Ասոցիացիայի նախագահի որոշմամբ:
4.7. Ասոցիացիայի Նախագահի նախաձեռնությամբ և գիտական խորհրդի համաձայնությամբ կարող է տեղի ունենալ սեկցիայի նախագահի արտահերթ ընտրություն:
5. ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
5.1. Ասոցիացիայի ղեկավար մարմիններն են`Համագումարը, Նախագահը, Գիտական խորհուրդը, Գործադիր վարչությունը և Վերստուգիչ հանձնաժողովը:
5.2. Համագումարը Ասոցիացիայի բարձրագույն ղեկավար մարմինն է, որն իր հերթական նիստերն է գումարում 2 տարին մեկ անգամ, Համագումարի օրակարգի, նրա աշխատանքն սկսելու տեղի, օրվա ու ժամի մասին մասնակիցները ործադիր վարչության կողմից պետք է ծանուցվեն ոչ ուշ, քան Համագումարի անցկացման օրվանից 90 աշխատանքային օր առաջ: Արտահերթ Համագումար կարող է հրավիրվել Ասոցիացիայի նախագահի, Ասոցիացիայի անդամների 1/3-ի կամ Վերստուգիչ հանձնաժողովի պատճառաբանված պահանջի դեպքում, ոչ ուշ, քան 14 օրացուցային օրվա ընթացքում: Համագումարի օրակարգի, նրա աշխատանքն սկսելու տեղի, օրվա ու ժամի մասին մասնակիցները ործադիր վարչության կողմից պետք է ծանուցվեն ոչ ուշ, քան Համագումարի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ:
Պատվիրակների ներկայացուցչության նորմը որոշում է Գործադիր վարչությունը:
5.3. ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
5.3.1. Իրավասու է որոշումներ կայացնել, եթե նիստին ներկա են պատվիրակների ընդհանուր թվի 1/2-իցավելի մասնակիցներ:
5.3.2. Որոշումներն ընդունվում են պատվիրակների ընդանուր թվի պարզ մեծամասնությամբ: Բացառությամբ կանոնադրության ընդունման կամ փոփոխման, Նախագահին անվստահություն հայտնելու, ինչպես նաև Ասոցիացիայի վերակազմակերպման կամ լուծարման մասին որոշումներից: Վերջիններս ընդունվում են պատվիրակների ընդհանուր թվի ձայների 2/3-ով:
5.3.3. Լսում և գնահատում է պատասխանատու մարմինների զեկուցումներն ու հաշվետվությունները:
5.3.4. Հաստատում է Ասոցիացիայի ծրագրերը և բյուջեն:
5.3.5. 2 տարի ժամկետով ընտրում է Նախագահ:
5.3.6. Ընտրում է Վերստուգիչ հանձնաժողովի 5 անդամներին 2 տարի ժամկետով:
5.3.7. Որոշում է Ասոցիացիայի վերակազմակերպման կամ լուծարման մասին հարցը:
5.3.8. Հաստատում է կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները:
5.4. ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ
5.4.1. Ընտրվում է Ասոցիացիայի համագումարի կողմից 2 տարի ժամկետով:
5.4.2. Համագումարների միջև ընկած ժամանակահատվածում ղեկավարում է Ասոցիացիայի գործունեությունը:
5.4.3. Հանդիսանում է Գիտական խորհրդի նախագահ:
5.4.4. Նախագահում է Գիտական խորհրդի նիստերին:
5.4.5. Նշանակում և ազատում է Գործադիր վարչության անդամներին: Նշանակված ործադիր վարչության կազմը ներկայացնում իտական խորհրդի հաստատմանը:
5.4.5.1. Մինչև Գիտական խորհրդի լիարժեք ձևավորումը կամ նվազագույնը 7 անդամի առկայությունը գործադիր վարչության անդամները նշանակվում կամ ազատվում են Ասցիացիայի նախագահի կողմից:
5.4.6. Գործադիր վարչության հետ կազմակերպում է հերթական և արտահերթ համագումարները:
5.4.7. Պատրաստում է հաշվետվություններ համագումարին, ստեղծում մշտական հանձնաժողովներ:
5.4.8. Առաջարկություն է ներկայացնում Գործադիր վարչությանը Ասոցիացիայի պատվավոր անդամի կոչում շնորհելու մասին, որի կողմից հավանությունստանալուց հետո ներկայացվում է Գիտական խորհրդի հաստատմանը:
5.4.9. Գործադիր վարչությանն է ներկայացնում իր անունով գրված դիմումները Ասոցիացիային անդամակցելու համար:
5.4.10. Բավարար գիտական ակտիվություն չցուցաբերած սեկցիաներում Գիտական խորհրդի համաձայնությամբ կարող է կազմակերպել սեկցիայի նախագահի նոր ընտրություններ:
5.4.11. Ներկայացնում է Ասոցիացիայի շահերն այլ մարմիններում:
5.4.12. Ամենօրյա տեխնիկական աշխատանքներն իրականցնելու նպատակով ձևավորում է աշխատակազմ:
5.4.13. Նշանակում և ազատում է Ասոցիացիայի հաստիքային աշխատակիցներին:
5.4.14. Տրամադրում է լիազորագրեր և վստահագրեր:
5.4.15. Իրականացնում է ասոցիացիաի ֆինանսական և տնտեսական գործունեությունը:
5.4.16. Ասոցիացիայի անունից առանց լիազորագրերի կնքում է պայմանագրեր, վարում բանակցություններ:
5.4.17. Կատարում է Ասոցիացիայի ղեկավարման բոլոր մյուս անհրաժեշտ ֆունկցիաները, որոնք համագումարի իրավասությունների մեջ չեն մտնում:
5.4.18. Նախագահի բացակայության դեպքում նրա հանձնարարությամբ պարտականությունները կատարում է Պատասխանատու քարտուղարը:
5.5. ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
5.5.1. Համագումարների միջև ընկած ժամանակահատվածում Ասոցիացիայի բարձրագույն գիտական ղեկավար մարմինն է:
5.5.2. Ձևավորվում է սեկցիաների նախագահներից:
5.5.3. Իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են Նախագահի կողմից, ոչ ուշ քան 3 ամիսը մեկ անգամ:
5.5.4. Նիստը համարվում է կայացած, եթե մասնակցում են անդամների կեսից ավելին, որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ, նիստերը նախագահում է Ասոցիացիայի նախագահը, քարտուղարությունն իրականացնում է Գիտական քարտուղարը:
5.5.5. Հաստատում է Գործադիր վարչության կազմը:
5.5.6. Նախագահի ներկայացմամբ հաստատում է Գիտական խորհրդի նոր անդամներին:
5.5.7. Քննարկում և հաստատում է սեկցիաների կողմից ներկայացված գիտական ծրագրերը:
5.5.8. Լսում և գնահատում է հաշվետվություններ ծրագրերի իրականացման և ընթացքի վերաբերյալ:
5.5.9. Շնորհում է Գիտական խորհրդի պատվավոր անդամի կոչում:
5.6. ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ
5.6.1. Բաղկացած է 4 քարտուղարներից` Պատասխանատու քարտուղար, Ֆինանսական քարտուղար, Գիտական քարտուղար, Երիտասարդական հարցերով քարտուղար, և 6 կոմիտեների նախագահներից, Անդամակցության, Կրթական, Կլինիկական, Հրատարակչական աշխատանքների, Արտաքին կապերի և Հասարակության հետ կապերի:
Գործադիր վարչությունը ընտրվում է 1 տարի ժամկետով:
5.6.1.1. Կոմիտեները գործում են համաձայն գործադիր վարչության կողմից հաստատված կանոնակարգի:
5.6.2. Նշանակվում է Նախագահի և հաստատվում Գիտական խորհրդի կողմից:
5.6.2.1. Մինչև Գիտական խորհրդի լիարժեք ձևավորումը կամ նվազագույնը 7 անդամի առկայությունը, գործադիր վարչության անդամները նշանակվում կամ ազատվում են Ասոցիացիայի նախագահի կողմից:
5.6.3. Իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են Նախագահի կողմից, ոչ ուշ քան 2 շաբաթը մեկ անգամ:
5.6.4. Նիստը համարվում է կայացած, եթե մասնակցում են անդամների կեսից ավելին, որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ, նիստերը նախագահում է Ասոցիացիայի նախագահը, քարտուղարությունն իրականացնում է Պատասխանատու քարտուղարը:
5.6.5. Ասոցիացիայի Նախագահի ներկայացմամբ հաստատում է վճարովի աշխատակիցների հաստիքացանկը:
5.6.6. Իրականացնում է Ասոցիացիայի գործունեության ընթացիկ ծրագրերը:
5.6.7. Կազմակերպում է ժամանակավոր հանձնաժողովներ, ծրագրերի իրականացման խմբեր:
5.6.7.1. Ասոցիացիայի Նախագահի ներկայացմամբ վավերացնում է Ասոցիացիայի անդամակցությունը:
5.6.7.2. Շնորհում է Ասոցիացիայի Վաստակավոր անդամի կոչում:
5.6.8. Վարում է Ասոցիացիայի անդամների հաշվառում:
5.6.9. Սահմանում է մուտքի վճարի և անդամավճարի չափերը:
5.6.10. Կասեցնում է անդամի անդամակցությունը Ասոցիացիային և զեկուցում է դրա մասին Նախագահին:
5.6.11. Վարում է Ասոցիացիայի գործավարությունը, իրականացնում է մշտական կապ առանձնացված ստորաբաժանումների և տնտեսական ընկերությունների հետ:
5.6.12. Լսում է իր անդամների տեղեկատվությունը ընթացիկ գործունեության մասին:
5.6.13. Լսում և գնահատում է հանձնաժողովների և այլ ստորաբաժանումների տեղեկատվությունը ընթացիկ աշխատանքների վերաբերյալ:
5.7. Ասոցիացիայի Վերստուգիչ հանձնաժողովը
5.7.1. Ընտրվում է Ասոցիացիայի համագումարի կողմից 2 տարի ժամկետով:
5.7.2. Վերստուգիչ հանձնաժողովի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, կամ 6 ամիսը մեկ անգամ, նիստը համարվում է կայացած, եթե մասնակցում են անդամների կեսից ավելին, որոշումները համարվում են ընդունված հանձնաժողովի անդամների մեծամասնության կողմ քվեարկելու դեպքում:
5.7.3. Հսկողություն է իրականացնում Ասոցիացիայի ղեկավար մարմինների կողմից կանոնադրության և որոշումների կատարման նկատմամբ, կասեցնում է որոշումները, եթե դրանք չեն համապատասխանում ՀՀ օրենսդրությանը և սույն կանոնադրությանը:
5.7.4. Վերահսկողություն է իրականացնում Ասոցիացիայի մարմինների ֆինանսական գործունեության նկատմամբ:
5.7.5. Քննարկում է Ասոցիացիայի անդամների իրեն ուղղված բողոքները և պատասխանում դրանց ամենաուշը 5 աշխատանքային օրերի ընթացքում:
5.7.6. Վերստուգիչ հանձնաժողովի աշխատանքը որոշվում է սույն կանոնադրությամբ և իր կողմից ընդունված աշխատակարգով:
6. ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՕՏԱՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
6.1. Ասոցիացիան որպես սեփականություն կարող է ունենալ շենքեր, շինություններ, բնակարանային ֆոնդեր, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, դրամական միջոցներ, բաժնետոմսեր, այլ արժեթղթեր և օրենքով չարգելված այլ գույք, որը կարող է ձեռք բերել սեփական միջոցներով, ստանալ նվիրատվությամբ կամ կտակի կարգով:
6.2. Ասոցիացիայի միջոցները գոյանում են.
6.2.1. Անդամների մուտքավճարներից և անդամավճարներից:
6.2.2. Նվիրատվություններից, կտակներից և հանգանակություններից, պետական կամ մասնավոր տնտեսվարող և հասարակական կազմակերպությունների մասհանումներից, դրամաշնորհներից:
6.2.3. Իր կողմից հիմնված տնտեսական ընկերությունների արտադրական, առևտրական, միջնորդական և այլ գործունեության եկամուտների մասհանումներից:
6.2.4. ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
6.3. Ասոցիացիայի միջոցները կարող են ծախսվել միայն սույն կանոնադրության նպատակների և խնդիրների իրականացման համար:
6.4. Ասոցիացիան կարող է ունենալ աշխատակիցների վճարովի հաստիքներ:
6.5. Ասոցիացիայի անդամը նրա սեփականության նկատմամբ բաժնի իրավունք չունի:
6.6. Կազմակերպչական ծախսերի մասնաբաժինը չի գերազանցում տարեկան ընդհանուր ծախսերի 70 (յոթանասուն) տոկոսը:
7. ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
7.1. Ասոցիացիան ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ ՀՀ Արդարադատության նախարարության կողմից պետական գրանցման պահից:
7.2. Ասոցիացիան ունի իր անվամբ կնիք, պաշտոնաթղթեր, ինքնուրույն հաշվեկշիռ, բանկերում ունի հաշվարկային, ընթացիկ և այլ հաշվեհամարներ ինչպես ազգային դրամով, այնպես էլ տարադրամով:
7.3. Ասոցիացիան կարող է ունենալ իր խորհրդանիշը, որը հաստատվում է Համագումարի կողմից:
7.4. Ասոցիացիան իր գործունեությունն իրականացնում է լրիվ տնտհաշվարկի, ինքնաֆինանսավորման եւ ինքնակառավարման սկզբունքով:
8. ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
8.1. Ասոցիացիայի վերակազմակերպումը և միաձուլումը, միացումը, բաժանումը, առանձնացումը, վերակազմավորումը կամ լուծարումը կատարվում է Համագումարի որոշմամբ` ընդունված Ասոցիացիայի Համագումարի պատվիրակների ընդանուր թվի 2/3-ի կողմ քվեարկելու դեպքում կամ դատարանի որոշմամբ:
8.2. Ասոցիացիան կազմակերպության լուծարման մասին պարտավոր է հնգօրյա ժամկետում գրավոր հայտնել ՀՀ Արդարադատության նախարարությանը:
8.3. Ասոցիացիան Արդարադատության նախարարության համաձայնությամբ կազմավորում է լուծարքային հանձնաժողով և օրենքով սահմանված կարգով սահմանում է լուծարման կարգը և ժամկետները:
8.4. Ասոցիացիայի լուծարման դեպքում լուծարքային հանձնաժողովը պարտադիր վճարումներն իրականացնելուց հետո մնացած գույքը, լուծարման մասին որոշում կայացրած մարմնի կողմից սահմանված կարգով, օգտագործում է Ասոցիացիայի կանոնադրական նպատակների ու խնդիրների իրականացման համար, եթե դա անհնարին է, ապա գումարը փոխանցվում է պետական բյուջե:


