2008թ. հունիսի 5-ին «Մարիոթթ Արմենիա» հյուրանոցի «Թագուհի Էռատո» շքասրահում Հայկական բժշկական ասոցիացիայի կողմից նախաձեռնվեց կլոր սեղան «Առողջապահության համակարգի բարեշրջումների հիմնախնդիրները» թեմայով` նվիրված հանրապետության առողջապահության համակարգի առջև ծառացած ռազմավարական կարևորության հիմնահարցերին և դրանց լուծման հնարավոր ուղիներին:
Կլոր սեղանի ընթացքում Ասոցիացիայի կողմից ներկայացվեց 2 զեկուցում:
ԲԺՇԿԻ ԴԵՐԸ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Զեկուցող` Ասոցիացիայի նախագահ Պարունակ Զելվեյան:
- Առողջապահական համակարգի կենտրոնում պետք է լինի բժիշկը` որպես կարևոր օղակ, բարիք արարող հիմնական գործող անձ:
- Բացի գործող օրենսդրությունից` բժիշկը պետք է առաջնորդվի նաև էթիկայի կոդեքսով: Այսօր ՀՀ-ում չկա բժշկի էթիկայի կոդեքս: Ասոցիացիան պատրաստել է Համաշխարհային բժշկական ասոցիացիայի էթիկայի կոդեքսի հայկական տարբերակը, որը տեղայնացվելուց հետո կդրվի շրջանառության մեջ, և հուսով ենք, որ այն աստիճանաբար կդառնա բոլորի կողմից ընդունված:
- Իր գիտելիքները մշտապես կատարելագործող, էթիկայի կոդեքսով առաջնորդվող բժիշկը պետք է առաջին հերթին բարձր վարձատրվի:
- Ասոցիացիան պատրաստակամ է պաշտպանելու էթիկայի կոդեքսը չխախտած յուրաքանչյուր բժշկի շահերը:
ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
Զեկուցող` Արտակ Գրիգորյան:
- Մատուցվող բուժօգնությանծառայությունների դիմաց պետական պատվերի շրջանակներում սահմանել հստակ իրատեսական գներ` հիմնված ռեալ գնագոյացման հաշվարկների վրա:
- Հաշվարկներ կատարելիս անհրաժեշտաբար նախատեսել այն, որ օպտիմալ կառուցվածք և միջին ծանրաբեռնվածություն ունեցող առողջապահական հաստատությունում աշխատող բժշկի աշխատավարձը պետք է նրան ընձեռի արժանապատիվ ապրելու հնարավորություն:
- Պետական պատվերի շրջանակներում նախատեսված ծավալների և ֆինանսական հնարավորությունների միջև անհամապատասխանությունը հաղթահարելու նպատակով առաջարկվում է`
- պետական պատվերի շըրջանակներում իրականացնել միայն բնակչության սոցիալապես անապահով խըմբերում ընդգրկված քաղաքացիներին մատուցվող ծառայությունները, ինչպես նաև հանրության համար վտանգ ներկայացնող հիվանդությունների բուժումը.
- ամսական որոշակի գումարից (ենթակա է քննարկման) ավելի եկամուտ ունեցող քաղաքացիների համար բուժօգնությունը պետական պատվերի շրջանակներից փոխադրել վճարովի համակարգ` բացառությամբ նախորդ ենթակետում նշված դեպքերի:
- այս երկու խմբերում չընդգրկված քաղաքացիների համար սահմանել համավճար` իրատեսական գնի և պետության կողմից տրամադրվող հնարավոր փոխհատուցման տարբերության չափով.
- ձեռնարկել համապատասխան քայլեր բժշկական ապահովագրության զարգացման համար:
Հնչեցին բազմաթիվ ելույթներ ինչպես բժիշկների, այնպես էլ առողջապահության կազմակերպիչների կողմից: Ելույթների հիմնական ուղղությունները և գնահատականները ներկայացվում են ստորև.
- առողջապահական համակարգի անկատար կառավարման և ոլորտում առկաբազմաթիվ այլ հիմնախնդիրների պատճառով բժիշկն իր առաքելությունները կյանքի կոչելու ճանապարհին հաղթահարում է տարատեսակ խոչընդոտներ:
- Բժիշկը ստիպված է լուծել խնդիրներ, որոնք ոչ միայն որևէ կապ չունեն իր մասնագիտական գործունեության հետ, այլև շատ հաճախ հարիր չեն իր կոչմանը և չեն մտնում աշխատանքային պարտականությունների մեջ: Ոլորտում դեռևս առկա է համահարթեցման սզբունքը, որի հետևանքով նույնիսկ բարեխիղճ և մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող բժիշկները չեն ստանում համարժեք վարձատրություն:
- Անհրաժեշտություն է զգացվում մշակելու և գործողության մեջ դնելու բժշկական էթիկայի կանոնակարգը կամ, այլ կերպասած, բժշկի էթիկայի կոդեքսը: Վերջինս կարող է հանդիսանալ մասնագիտական գործունեության վարքի կանոնների հիմնական ուղեցույցը:
- Իրենց գիտելիքները մշտապես կատարելագործող և, առկայության դեպքում էթիկայի կոդեքսով առաջնորդվող բժիշկն երը պետք է ստանան բարձր վարձատրություն:
- Առողջապահության համակարգի ֆինանսավորումը և գնագոյացման մեխանիզմները հեռու են համարժեք լինելուց, առկա է անվճար բուժօգնության հայտարարվող ծավալների և այդ ծավալների համար առողջապահությանը հատկացվող գումարների անհամապատասխանություն: Նման պայմաններում բուժհիմնարկների ղեկավարներն իրենց հերթին պարտադրված են բուժման ծախսերի պակասը լրացնելու այլ աղբյուրների հաշվին` նպաստելով ոլորտում առկա ստվերի խորացմանը: Արդյունքում, համակարգում ձևավորվել են ստվերային շուկայական հարաբերություններ:
- Վերը նշվածին գումարվում է նաև այն հանգամանքը, որ առողջապահական կազմակերպությունները համարվում են առևտրային և գտնվում են նույն հարկային դաշտում այլ ծառայություններ մատուցող առևտրային կազմակերպություններին զուգահեռ` այստեղից բխող բոլոր հետևանքներով: Նշված հանգամանքներն առողջապահության ոլորտը դարձնում են ինվեստիցիոն առումով ոչ գրավիչ և համակարգին զարգանալու հնարավորություն չեն տալիս:
- Անհրաժեշտ է համակարգը դուրս բերել ստվերից, դարձնել ներդրումային առումով գրավիչ: Որպես օրինակներ նշվեցին «Նորք-Մարաշ», «Շենգավիթ» և «Սուրբ Ներսես Մեծ» բժշկական կենտրոնները: Ներկայացվեց «Սուրբ Ներսես Մեծ» բժշկական կենտրոնի փորձը:
Ամփոփման արդյունքում ընդհանուր առմամբ հավանություն տրվեց զեկուցումներին և հնչած գնահատականներին: Ասոցիացիայի կողմից ներկայացվեց էթիկայի կոդեքսը, որը տեղայնացման նպատակով սկզբնական փուլում դըրվում է շրջանառության մեջ. ակնկալվում է ստանալ առաջարկներ հարցի վերաբերյալ, որոնք ամփոփվելուց հետո կդրվեն քննարկման: Այն ստորև կներկայացվի «Ֆարմացևտ Պրակտիկ» ամսագրի ընթերցողներին, և մենք լիահույս ենք, որ ընթերցողը ևս շահագրգիռ վերաբերմունք կցուցաբերի խնդրոառարկայի վերաբերյալ ներկայացվող առաջարկներով և տեսակետներով: Ասոցիացիան պարտավորվում է նաև կազմակերպել շարունակական քննարկումներ խնդրո առարկա հարցերի շուրջ և պարտաստակամ է նշված հարցերի վերաբերյալ տարբեր ձևաչափերով քննարկումներին մասնակցելու` հետամուտ լինելով դրանց լուծմանը:


