2008 թվականի ապրիլի 24-25-ին մայրաքաղաքի «Մոսկվայի տանը» Հայկական բժշկական ասոցիացիան (ՀԲԱ) և նրա կազմում գործող Հայաստանի երիտասարդ նյարդաբանների լիգան (ՀԵՆԼ), Շարժողական խանգարումների միջազգային միության (Movement Disorder Society) հետ համատեղ կազմակերպել էին «Պարկինսոնի հիվանդություն և այլ շարժողական խանգարումներ» խորագրով սեմինար:
Սեմինարի առաջին օրվա զեկուցումները հիմնականում նվիրված էին Պարկինսոնի հիվանդության և պարկինսոնիզմով ընթացող այլ ախտաբանական վիճակների ուսումնասիրությանը: Ինտերակտիվ եղանակով կազմակերպված նիստերի ընթացքում քննարկվեցին ախտորոշման, կլինիկական պատկերների և բուժման ժամանակակից մոտեցումները: Հատկանշական է, որ զեկուցողները մեծ տեղ էին հատկացրել Պարկինսոնի հիվանդության դոֆամիներգիկ բուժման բարդություններին և ոչ շարժողական դրսևորումներին (նեյրոփսիխիատրիկ, վեգետատիվ և քնի խանգարումներ): Նշվեց, որ չլինելով Պարկինսոնի հիվանդության պատկերի ավանդական բաղադրիչը` վերջիններս, այնուամենայնիվ, մեծ ազդեցություն ունեն հիվանդների կյանքի որակի վրա: Սեմինարի աշխատանքների ընթացքում քննարկման նյութ էր նաև քնի խանգարումների ոլորտը, որին նվիրված էին մի քանի հետաքրքիր դասախոսություններ:
Երկրորդ օրվա ծրագիրը գրեթե ամբողջությամբ նվիրված էր հիպերկինետիկ համախտանիշներին: Հատկապես ուշադրություն դարձվեց Էսենցիալ դողին և ընդհանրապես դողի տարբերակիչ ախտորոշմանը, Հենտինգտոնի հիվանությանը և այլ խորեաներին, Տուրետի համախտանիշին և այլ տիկերին, դիստոնիաներին, դեղորայքային շարժողական խանգարումներին: Սեմինարի ինքնատիպ վերջաբան հանդիսացավ զեկուցողների և մասնակիցների ներկայացրած կլինիկական տեսաշարերի քննարկումը, որը անչափ հետաքրքրեց թե ներկաներին, թե կազմակերպիչներին:
Բացի հիմնական ծրագրից, մասնակիցները հնարավորություն ունեցան սեմինարի ընթացքում ներկա գտնվելու նաև աջակցող դեղագործական ընկերությունների (Servier, Pliva, Astellas, Lek) կազմակերպած սատելիտային սիմպոզիումներին, որոնց ընթացքում դասախոսություններով հանդես եկան ինչպես հայաստանցի, այնպես էլ արտերկրից հրավիրված ճանաչված մասնագետներ: Մասնավորապես, սեմինարի գլխավոր հովանավոր Servier դեղագործական ընկերությունը առաջին անգամ Հայաստանում բժիշկների ուշադրությանը ներկայացրեց Պարկինսոնի հիվանդության և դեպրեսիայի բուժմանն ուղղված իր երկու նոր` Պրոնորան և Մելիտոր դեղամիջոցները: Lek ընկերությունն իր հերթին անդրադարձ կատարեց անհանգիստ ոտքերի համախտանիշի հետ կապված խնդիրներին և մասնավորեցրեց երկաթ պարունակող դեղամիջոցների (Ֆերում-Լեկ) դերը վերջինիս բուժման գործում: Չափազանց հագեցած ծրագրով մասնակիցներին ներկայացավ նաև Pliva ընկերությունը, որի զեկուցումների ընթացքում շեշտադրվեց հակաէպիլեպտիկ, հակափսիխոտիկ և նեյրոպրոտեկտիվ դեղամիջոցների (Ֆինլեպսին, Ռիսետ, Թիոքտացիդ) կիրառումը: Սեմինարի մասնակիցները հնարավորություն ստացան նաև ծանոթանալու Astellas ընկերության ձեռքբերումներին, որն այս միջոցառման ընթացքում ներկայացրեց հիպերակտիվ միզապարկի հետ կապված խնդիրներն ու բուժման մոտեցումները` մասնավորապես Վեզիկար դեղամիջոցի արդյունավետությունը: Սեմինարին աջակցող մյուս ընկերություններին (BerlinChemie, Gedeon Richter, Pfizer, Solvay Pharma) մասնակիցները ծանոթանալու հնարավորություն ստացան ցուցահանդեսային դահլիճում, որտեղ բոլոր ցանկացողներին մանրամասն տեղեկատվություն էր տրամադրվում այս կամ այն դեղամիջոցի վերաբերյալ:
Պարկինսոնի հիվանդությանը և այլ շարժողական խանգարումներին նվիրված այս սեմինարը Հայաստանում առաջինն էր, իր բնույթով եզակին: Մասնակցելով այս միջոցառմանը` հայ մասնագետները ձեռք բերեցին նյարդաբանության այս կարևորագույն ուղղության վերաբերյալ նորագույն գիտելիքներ, ինչպես նաև հնարավորություն ունեցան ինտերակտիվ ռեժիմով շփվելու այս բնագավառի առաջատար մասնագետների հետ:
Հայկական բժշկական ասոցիացիան և Հայաստանի երիտասարդ նյարդաբանների լիգան և հատկապես շարժողական խանգարումների խումբը, մեր երկրի նյարդաբանության ասպարեզում նմանատիպ կրթական և կլինիկական ծրագրեր ներդնելով, այսուհետ ևս կշարունակեն նպաստել այս ոլորտի զարգացմանը Հայաստանում:


